Շուտով՝ Կապանում․ Kapan Fest 4-րդ փառատոնի անակնկալները (տեսանյութ)
Ամեն ինչ սկսվեց չորս տարի առաջ, երբ անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանը Կապանում նախաձեռնեց միջազգային երաժշտական փառատոն` համախմբելով տարբեր երկրների անվանի երաժիշտների ու երիտասարդ շնորհալիների։
Երազանքն այսօր իրականություն է, իսկ հաջողության գրավականը ընկերությունն ու նպատակին նվիրվածությունն էր։ Իհարկե, նաև փառատոնի աջակիցները՝ ԿԳՄՍՆ-ն, Կապանի համայնքապետարանը, ԶՊՄԿ-ն, այլ ընկերություններ ու արվեստասերներ, առանց որոնց իրականություն չէր դառնա այս խելահեղ գաղափարը։
Հուլիսի 4-ին կմեկնարկի Kapan Fest 4-րդ փառատոնը։ Նոր անուններ, նոր ծրագրեր, նաև փառատոնի արդեն «սյունը» դարձած երաժիշտներ, որոնք, մասնակցում են առաջին տարվանից ի վեր։
Փառատոնային տասնօրյակում կկայանա դասական, ժամանակակից ու ջազային երաժշտության քսան համերգ, օրվա կտրվածքով՝ երկուսը։
Փառատոնը չորս տարվա պատմություն է հաջողությունների, հաղթանակների մասին, որի ամենավառ ներկայացուցիչները հավաքվել էին «Նարեկացի» կենտրոնում, -ասում է Kapan Fest ծրագրի ղեկավար Մարիամ Թոփակյանը։
Ամենավառ ներկայացուցիչները 16-ից 22 տարեկան երիտասարդ երաժիշտներն են, որոնց համար Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում իրականացվում է ակադեմիական կրթական ծրագիր և վարպետության դասեր։
Ալտահար Անի Թորոսյանը արդեն երրորդ անգամ է մասնակցում փառատոնին։ Ասում է՝ երջանիկ է նման հնարավորության համար։
Kapan Fest-ի հիմնադրի համոզմունքն է, որ բարձրակարգ մշակույթը չպետք է կենտրոնացած լինի միայն մայրաքաղաքում, որ արտերկրից եկած երաժիշտներն ու հյուրերը պետք է ճանաչեն նաև երկրի մյուս գույները։
Սևակ Ավանեսյանը վստահ է՝ նման միջոցառումներ պետք է կազմակերպել Հայաստանի տարբեր քաղաքներում, քանի որ փառատոնները նոր շունչ ու նոր իմաստ են տալիս, և, ի վերջո, երկիրը ճանաչում են մշակույթով։