Ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչվե՞ն. ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ

Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի 6-րդ օրը քննությունն ավարտվեց։

«Բարձր դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու»,- նիստի ավարտից հետո հայտարարեց դատարանի նախագահ Արմեն Դիլանյանը։

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Նոր ուժ» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունները Սահմանադրական դատարանում վիճարկում են ԿԸՀ-ի հունիսի 14-ի՝ «ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշումը։

ՍԴ-ն գործի քննությունը սկսել էր հունիսի 26-ին և շարունակել շաբաթ-կիրակի օրերին ու ոչ աշխատանքային ժամերին։

Գործով զեկուցող էր նշանակված Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։

Քննությունն անցկացվեց բանավոր ընթացակարգով։

Այսօր եզրափակիչ ելույթներով հանդես եկան դիմումատուները, պատասխանող կողմն ու ներկայացուցիչները և երրորդ կողմ հրավիրված ՔՊ-ն։

Գործի քննությանը չեն մասնակցել ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը:

Ըստ որոշման՝ նրանց մասնակցությունը գործի քննությանն անհնարին էր, քանի որ «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ:

Վլադիմիր Վարդանյանը մինչև ՍԴ դատավոր ընտրվելը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և խմբակցության պատգամավոր, իսկ Արտակ Զեյնալյանը՝ «Հանրապետություն» կուսակցության Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ։

Անհնարինության հարցը քննարկվել է նաև ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասով, սակայն ընդունման համար անհրաժեշտ թվով «կողմ» ձայներ չի հավաքվել։

2021 թվականից արտահերթ խորհրդարանական ընտրություններին Սաֆարյանը պատգամավորի թեկնածու էր «Հանուն հանրապետության» կուսակցության ցուցակով, որը ևս այս ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերից մեկն է։

Ռոզա Վարդանյան

Leave a comment