Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև դիվանագիտական ներկայության ընդլայնմանը և առավել բարենպաստ պայմանների ապահովմանը


ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:


Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 21-ին: Փաստաթղթով հայկական կողմը ղազախական կողմին 49 տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Երևան քաղաքում՝ Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող, շինություններից և տարանցիկ հաղորդակցուղիներից ազատ 0,33 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝ ղազախական կողմի հաշվին Ղազախստանի Հանրապետության դեսպանության շենքերի և շինությունների կառուցման նպատակով: Հողատարածքի վարձավճարի չափը կազմում է տարեկան մեկ դրամ:


Ղազախական կողմը հայկական կողմին 49 տարի ժամկետով օգտագործման է տրամադրում Աստանա քաղաքում: Արգանատի փողոցում գտնվող շինություններից և տարանցիկ հաղորդակցուղիներից ազատ 0,33 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝ հայկական կողմի հաշվին Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքերի և շինությունների կառուցման նպատակով: Հողատարածքի վարձավճարի չափը կազմում է տարեկան մեկ տենգե:


Նշված համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանը, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Այն ապահովում է փոխադարձություն, հավասար պայմաններ և ներդաշնակ մոտեցում՝ հստակ կարգավորելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները, հստակեցնելով հողահատվածների օգտագործման նպատակները:


Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև դիվանագիտական ներկայության ընդլայնման և առավել բարենպաստ պայմանների ապահովմանը:


Իրականացվող փոխադարձ հողահատկացումները հնարավորություն կընձեռեն երկու կողմերին՝ ապահովելու դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման, շենքերի կառուցման և շահագործման համար անհրաժեշտ պայմանները:


Օրենքի նախագիծը հանձնաժողովի հուլիսի 1-ի արտահերթ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:


Հարցը կքննարկվի հուլիսի 2-ին գումարվող ԱԺ արտահերթ նստաշրջանում:

Դիտումների քանակ14

Leave a comment