Ինչպես Նոբելյան մրցանակակիրը, բուլղարացի գիտնականն ու հայ ամուսինները յոգուրտը դարձրին նախաճաշի անբաժան բաղադրամաս

Ռուս գիտնական Իլյա Մեչնիկովին ծերացման հարցերը խորապես էին հետաքրքրում․ նա համարում էր, որ ծերությունն ու մահը վաղաժամ գործընթացներ են, որոնց մարդու օրգանիզմը ենթարկվում է մանրէների և այլ թունավոր նյութերի ազդեցության հետևանքով։ Այս առումով Մեչնիկովը մեծ կարևորություն էր տալիս աղիքային միկրոֆլորային։

ֆագոցիտոզի երևույթը հայտնաբերելու համար 1908 թվականին Նոբելյան մրցանակի (Պ․ Էրլիխի հետ) արժանացած Մեչնիկովի գիտական ձեռքբերումներն այնքան նշանակալի են, որ դժվար է պատկերացնել առողջապահության ոլորտն առանց այդ գիտելիքների, ինչպես և դժվար է պատկերացնել մեզանից յուրաքանչյուրի սննդակարգն առանց կաթնանթթվային որևէ մթերքի։ Հենց այդպիսի մթերքներից մեկի՝ յոգուրտի պոպուլյարիզացման հարցում էլ շատ մեծ է հենց Մեչնիկովի դերը։

Իլյա Մեչնիկով

Ծերության հարցերն ուսումնասիրելով ու մոտ 36 երկրների տվյալներ համադրելով՝ Իլյա Մեչնիկովը նկատել էր, որ երկարակյացների թվով առաջատարը Բուլղարիան է․ գիտնականն այդ առանձնահատկությունը կապում էր բուլղարական յոգուրտի՝ «թթու կաթի» հետ՝ համարելով, որ բուլղարական կաթնաթթվային ցուպիկը՝ Lactobacillus bulgaricus-ը ծերացման և օրգանիզմի ինքնաթունավորման դեմ պայքարող հիմնական միջոցներից է։

Նա աշխարհում առաջինն էր, որը նշանակություն տվեց բուլղարացի ուսանող Ստամեն Գրիգորովի՝ բուլղարական ցուպիկի հատկություններին վերաբերվող հայտնագործությանը։ Կրկնելով Գրիգորովի ուսումնասիրությունները՝ Մեչնիկովը սկսում է լայնորեն պրոպագանդել բուլղարական յոգուրտի օգտակարությունը։ Ինքն էլ իր ողջ կյանքի ընթացքում կանոնավոր կերպով օգտագործում էր կաթնաթթվային մթերքներ, ինչպես նաև բուլղարական ցուպիկի մաքուր կուլտուրա։

Հիմա կասեք՝ Գրիգորովից, Մեչնիկովից, Էրլիխից առաջ էլ մարդկությունը հազարամյակներով օգտագործել է կաթնաթթվային մթերքներ․ սակայն այս և այլ գիտնականների շնորհիվ հատուկ ուշադրություն հրավիրվեց կաթնաթթվային կուլտուրաների առողջարարության վրա, ինչից հետո աշխարհում մեծ թափ հավաքեց յոգուրտի արտադրությունը։ Սկզբում այն վաճառվում էր դեղատներում՝ որպես բուժամիջոց և խորհուրդ էր տրվում օգտագործել հատկապես տարեց մարդկանց ու երեխաներին։

Սարգիս Կոլոմբոսյան և Ռոուզ Գրիգորյան-Կոլոմբոսյան

Եվրոպայում յոգուրտի  պոպուլյարիզացմանը նպաստել է Danone ընկերությունը, որը հիմնադրվել է 1919 թ․-ին Բարսելոնայում դեղագործ Իսահակ Կարասոյի կողմից, իսկ այ ԱՄՆ-ում յոգուրտի տարածման գործում մեծ ներդրում ունեն  հայերը՝ Սարգիս Կոլոմբոսյանն ու նրա կինը՝ Ռոուզ Գրիգորյան-Կոլոմբոսյանը․ նրանք 1929 թվականին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Անդովեր քաղաքում հիմնադրեցին Colombo & Sons Creamery-ն՝ ամերիկյան հանրությանը ներկայացնելով նախկինում անհայտ մի ապրանք՝ մածունը։

Սարգիս Կոլոմբոսյանն իր գործարանում, 1950 թ․

Սկզբում մածունը պատրաստվում էր փայտի վառարանում՝ ավանդական հայկական բաղադրատոմսով։ Հետագայում «մածուն» անունը փոխարինվում է «յոգուրտով»։ Ընտանեկան բիզնեսը ժառանգում են Սարգիսի և Ռոուզի որդիները՝ Բոբ և Ջոն Կոլոմբոսյանները։ 1975 թվականին արդեն նրանց յոգուրտը Միացյալ Նահանգներում ամենաշատ վաճառվող յոգուրտն էր։

Կարճ՝ յոգուրտի օգտակար հատկությունների մասին

Այսօր, իհարկե, գիտական հետազոտությունները յոգուրտին, ինչպես և ցանկացած այլ սննդատեսակի, հրաշագործ ազդեցություններ չեն վերագրում, սակայն վստահորեն հաստատում են, որ այս մթերքի կանոնավոր օգտագործումը նպաստում է առողջության պահպանմանն ու բարելավմանը, եթե, իհարկե, մարդը չունի լակտոզ-անտանելիություն կամ ալերգիա որևէ բաղադրիչի նկատմամբ։

Բնական յոգուրտը կարևոր սննդանյութերի աղբյուր է

Յոգուրտը պարունակում է բազմաթիվ սննդանյութեր, որոնց կարիքն ունի մարդու օրգանիզմը։

Այն հատկապես հարուստ է կալցիումով, որը կարևորագույն հանքանյութ է առողջ ատամների և ոսկորների ամրության պահպանման համար։ Ցածր յուղայնությամբ բնական յոգուրտի մեկ բաժակը (245 գ) ապահովում է կալցիումի օրական պահանջի մոտ 49%-ը։

Յոգուրտը նաև հարուստ է B խմբի վիտամիններով, հատկապես B2-ով (ռիբոֆլավին) և B12-ով։

Մեկ բաժակը յոգուրտը նաև ապահովում է՝

  • Ֆոսֆորի օրական պահանջի 28%-ը,
  • կալիումի 12%-ը,
  • մագնեզիումի 10%-ը։

Այս մթերքը հարուստ է նաև սպիտակուցներով․ մեկ բաժակը (245 գ) պարունակում է գրեթե 13 գ սպիտակուց։

Որոշ տեսակներ նպաստում են մարսողական համակարգի առողջությանը

Յոգուրտի որոշ տեսակներ պարունակում են կենդանի օգտակար բակտերիաներ՝ պրոբիոտիկներ՝ հիմնականում Bifidobacteria և Lactobacillus տեսակները։

Պրոբիոտիկներով հարուստ յոգուրտի օգտագործումը կարող է.

  • թեթևացնել փորլուծությունը, փքվածությունը, փորկապությունն ու գազերի առաջացումը,
  • օգնել կառավարել քրոնիկական աղիքային հիվանդությունները, օրինակ՝ Քրոնի հիվանդությունն ու խոցային կոլիտը,
  • ամրացել իմունային համակարգը և նվազեցնել վարակների առաջացման հավանականությունը,
  • նպաստել խոլեսթերինի մակարդակի կարգավորմանը,
  • նվազեցնել քաղցկեղի որոշ տեսակների զարգացման վտանգը։

Ինչպե՞ս ընտրել ամենաօգտակար յոգուրտը

Առողջության համար լավագույն ընտրությունը սովորաբար բնական, չքաղցրացված յոգուրտն է։

Շատ յոգուրտներ, հատկապես «ցածր յուղայնությամբ» նշումով, պարունակում են մեծ քանակությամբ ավելացված շաքար։ Շաքարի չափից շատ օգտագործումը կապված է շաքարախտի, ճարպակալման, ատամների կարիեսի և առողջական այլ խնդիրների հետ։

Ցածր յուղայնությամբ, թե լիարժեք յուղայնությամբ յոգուրտ ընտրելը կախված է անձնական նախընտրությունից։ Լիարժեք յուղայնությամբ տեսակներն ավելի կալորիական են, սակայն հարուստ են սննդանյութերով և սովորաբար ավելի լավ են հագեցնում։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աղբյուրներ՝ 1, 2, 3

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment