«Այս նիստը ավարտվելուց հետո արդեն ՍԴ նիստը դռնբաց կլինի։ Կան մի շարք միջնորդություններ, որոնց պետք է դատարանն արձագանքի։ Կարող է ՍԴ նիստը շարունակություն ունենալ ևս մի քանի օր, կամ կարող է մեկ-երկու օրում ավարտվի»,- ՍԴ բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը։
Արդեն տեղեկացրել ենք, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) նիստի այս հատվածն անցկացվում է դռնփակ։ ՍԴ-ն արդեն 4 օր է քննում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումները, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Հովհաննես Խուդոյանն ասաց, որ այսօր օրվա առաջին կեսից անցկացվող դռնփակ նիստում նախաքննական ու պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ կան ու նաև գաղտնի ցուցակով քվեարկող ընտրողների՝ հիմնականում զինծառայողների վերաբերյալ հարցեր են։
Հարցին՝ ի՞նչ կասկածներ ունեք, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց․ «Ստուգել ենք ստորագրված մատյանները։ Այն, ինչ հրապարակել է ԿԸՀ-ն, դա համադրել ենք իրենց հրապարակած արձանագրությունների վերջնական թվի հետ։ Հայտնաբերել ենք 27800 ստորագրության բացակայություն։ Այնքան ընտրող, ինչքան եկել է, պետք է ստորագրած լինի, ԿԸՀ-ն պարզաբանել է, որ գաղտնի ցուցակով քվեարկողներ կան, դրա համար չկան այդքան ստորագրություններ։ Բայց եթե այդ թիվը նվազեցնում ենք, միևնույն է, 10 հազար տարբերություն լինում է, հետևաբար խնդրել ենք այդ թիվը պարզաբանել։ Ի սկզբանե ԿԸՀ-ն թերի մատյաններ է հրապարակել։ Այսինքն՝ մենք հաշվել ենք, որ ստորագրությունները պակաս են, քան ընտրողների թիվը։ Իրենք մեկնաբանում են, որ դրանք զինծառայողներն են, որոնք չեն ստորագրում մատյաններում, մենք անգամ էդ դեպքում ենք 4000 ստորագրության տարբերություն տեսնում։ Իրենք ասում են՝ կա այսքան քվեարկություն ու այսքան ընտրող, մենք ասում ենք, բայց չկա այդքան ստորագրություն, հետևաբար այդքան ընտրող չի գնացել, բայց այդքան քվեաթերթիկ գոյություն ունի։ Քանի դեռ պարզաբանված չէ, թե ինչպես է այդ թիվը ձևավորվում, մենք ընդունում ենք, որ այդտեղ կարող է լինել լցոն, կամ այնքան վատ աշխատանք ԿԸՀ կողմից, որ հնարավոր չէ ընտրությունները վերահսկել»։
Լրագրողների փաստմանը՝ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ ՌԴ ղեկավարությունը հակաքարոզչություն է արել ՀՀ իշխանության նկատմամբ և հարցին՝ ինչպե՞ս եք որակում այս արտահայտությունը, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց․ «Մենք որակել ենք, բարձրացրել ենք հարց, որ դա կանխակալության տարր է պարունակում և քաղաքական մասնակցություն գործընթացին, քան իրավական»։
Փաստմանը՝ առանց սպասելու ՍԴ-ի որոշման ՔՊ-ն արդեն ԱԺ ղեկավարություն է ձևավորում, ինչպե՞ս կմեկնաբանեք, Հովհաննես Խուդոյանն այսպես արձագանքեց․ «Իրենք էլ իրենց կողմից անլրջացնում են այս գործընթացը, իրենց կողմից ցույց տալիս՝ կամ թքած ունեն՝ ինչ է կատարվում բարձր դատարանում, կամ որոշակի երաշխիքներ ունեն, որ բան չի փոխվելու»։
Հովհաննես Խուդոյանը պնդեց՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի մեղքով տեղի են ունեցել տեղամասում խախտումներ, որովհետև խնդիրը, որ զինվորները խախտումով են քվեարկել, բարձրաձայնվել, հասել է իրեն, ինքն ընդունել է, և խնդիրը շարունակել է գոյություն ունենալ։ Ինքն այդ տեղամասում ընտրությունները փչացրել է և հետո ինքն այդ տեղամասի ընտրություններն անվավեր ճանաչելու արդյունքում ամբողջ կուսակցությանը զրկել է խորհրդարանում ներկա լինելու հնարավորությունից»։
Փաստմանը՝ այն, որ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, թե այդ տեղամասում արդյունքները չէին օգնի ԲՀԿ-ին հաղթահարել նվազագույն շեմը, Հովհաննես Խուդոյանն այսպես արձագանքեց․ «Այդ մտավարժանքը շատ պարզ է։ ՍԴ դատավորներն էլ այդ հարցը բազմիցս տալիս են, նույնիսկ վերապահումով հարց էին տալիս, ասում՝ լավ, նույնիսկ, եթե անվավեր չլիներ, այդ մաթեմատիկական հաշվարկով գալիս էր չորս տոկոս։ Բոլորս սա հաշվել ենք, գիտենք, որ դա այդպես է։ Բայց Վահագն Հովակիմյանը ոտքը դնում է մի կոշիկի մեջ, ասում՝ այդ հարցին չեմ պատասխանի, քանի որ պարզ է՝ պատասխանը ենթադրում է, որ ԿԸՀ-ն իր բառերով ձևակերպած՝ գնդակը գողացել է ԲՀԿ-ից։ Եղել են այդ ձայներն ու մանդատները, ԿԸՀ-ն գողացել է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: