Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի ազդի հայ-թուրքական հարաբերությունների վրա. Սաֆրաստյան

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի ազդի հայ-թուրքական հարաբերությունների վրա. Սաֆրաստյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը առաջին հերթին պայմանավորված է վերջին շրջանում  Թուրքիայի հետ լարված հարաբերություններով և Իսրայելի այս քայլը որոշակի հակահարված է ուղղված Անկարայի սուր հակաիսրայելական հռետորաբանությանը՝ սկիզբ առած Գազայում պատերազմի մեկնարկից հետո: Այս մասին «Զարկերակի» հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ նախագծի ընդունմանը։

Թուրքագետը ընդգծեց, որ Իսրայելի նման քայլը ունի նաև աշխարհաքաղաքական հեռավոր մի շերտ, որը գլխավորապես կապված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների հետ: «Հարց է առաջանում, թե որ պետությունը այս փոփոխություններից դուրս կգա իր կշիռը տարածաշրջանում ավելացրած և դիրքերը ուժեղացրած: Թե՛ Թուրքիան, և թե՛ Իսրայելը այդ պայքարի մեջ են, որով էլ պայմանավորված է թուրք-իսրայելական սրացումը»,-նշեց Սաֆրաստյանը:

Արևելագետը նաև ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում կայացրել էր Իսրայելի կառավարությունը, մինչդեռ երկրի օրենսդիր մարմինը՝ Կնեսետը դեռ այս հարցը չի քննարկել: «Կարծում եմ, որ Կնեսետը չի էլ հասցնի քննարկել, քանի որ սեպտեմբերին երկրում խորհրդարանական ընտրություններ են սպասվում»,-նշել է թուրքագետը: Նա հիշեցրեց, որ Կնեսետի հատուկ հանձնաժողովը դեռ 2016-ին էր բանաձև ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, սակայն օրենսդիրի ընդհանուր նիստի արդյունքում դա չէր ընդունվել:

Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա հնարավոր ազդեցության մասին Սաֆրաստյանը նշեց, որ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումով վտանգված չեն Իսրայել-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունները: «Որոշ իսրայելական աղբյուրներ չճշգրտված տեղեկություններ էին տարածել այն մասին, որ մինչ Իսրայելի կառավարության որոշումը երկրի արտգործնախարարը կամ ԱԳ նախարարությունը նախապես այդ մասին հայտնել էին ադրբեջանական կողմին: Այնպես որ, Բաքուն նախապես տեղյակ է եղել սպասվող գործընթացներից: Եվ եթե ըստ էության կարդանք ադրբեջանական կողմի հայտարարությունը, այնտեղ միայն ասվում է, որ Իսրայելի կառավարությունը վերանայի իր քայլը: Սա վկայում է այն մասին, որ Իսրայել-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունները վտանգված չեն»,-նշեց Սաֆրաստյանը՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կշարունակվեն:  

Արևելագետը նաև հավելեց, որ ռազմավարական առումով Իսրայելը շահագրգռվածություն ունի Հարավային Կովկասում իր հենակետերը ունենալով, հավելելով, որ մինչ այս Թել-Ավիվը այդ հենակետը ուներ ի դեմս Ադրբեջանի, որի գերնպատակը Իրանի դեմ իր շահերին համապատասխան օգտագործելն էր:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանից դրական արձագանքի դեպքում կարող էին որոշակի խոչընդոտներ առաջանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Սաֆրաստյանը նշեց. «Չեմ կարծում, որ Հայաստանից դրական արձագանքը կարող էր Անկարայում որպես հետ քայլ դիտարկվել հայ-թուրքական կարգավորման գործընթացից»:

Թուրքագետը նաև նշեց, որ Իսրայելի կառավարության որոշմանն ի պատասխան՝ Թուրքիայից հնչած արձագանքները միանգամայն սպասելի էին և սա որևէ ազդեցություն չի կարող ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա:

Անդրադառնալով հարցին, թե ինչու մինչև հիմա Իսրայելը չէր ճանաչում Հայոց ցեղասպանությունը Սաֆրաստյանը դա առաջին հերթին պայմանավորեց Իսրայել-Թուրքիա նախկին լավ հարաբերություններով, որը  Թել-Ավիվը ձգտում էր ամեն գնով չվտանգել: «Կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք: Իսրայելում գիտական շրջանակների զգալի մասը համարում են, որ պատմության մեջ իրական ցեղասպանություն եղել է հրեաների Հոլոքոստը, և մնացած բոլոր ցեղասպանությունները, այդ թվում նաև Հայոց ցեղասպանությունն այսպես, թե այնպես առնչվում են հրեաների ցեղասպանության հետ: Որոշ գնահատականների համաձայն էլ՝ Հոլոքոստին առավել մոտ համարվել է հենց Հայոց ցեղասպանությունը, սակայն իրական ցեղասպանությունը դա հրեաների հանդեպ կատարվածներն էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին»,-եզրափակեց թուրքագետը:

Leave a comment