ԱՄՆ-ում 1945-ից ի վեր առաջին անգամ զինվորականի կգնդակահարեն (PAN.am)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ի կատար ածել բանակի նախկին ռազմական հոգեբույժ Նիդալ Մալիկ Հասանի մահապատիժը, որը 2009 թվականին Տեխասի Ֆորտ Հուդ ռազմաբազայում սպանել է 13 մարդու։ Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը հայտնել է, որ Հասանը գնդակահարվելու է։

Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը X սոցիալական ցանցում հայտնել է, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն առաջարկել է մահապատիժն իրականացնել գնդակահարությամբ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել առաջարկին, հայտնում է BBC-ն:

Փարնելը նշել է, որ մահապատժի ժամանակն ու վայրը որոշելու է պաշտպանության նախարարը՝ հավելելով. «Հասանի համար վերջապես եկել է հատուցման օրը»։

ԱՄՆ զինված ուժերում մահապատիժները հազվադեպ երևույթ են, իսկ նման դատավճիռն ի կատար ածելու ընթացակարգը տարբերվում է նահանգային մակարդակում կիրառվող կարգից։

ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ զինվորականի նկատմամբ կայացված մահապատժի դատավճիռն իրականացնելու համար անհրաժեշտ է երկրի նախագահի թույլտվությունը։

Death Penalty Information Center-ի հայտարարության համաձայն՝ եթե Հասանի նկատմամբ մահապատիժն իրականացվի, այն կդառնա ԱՄՆ զինված ուժերում 1961 թվականից ի վեր առաջին մահապատիժը։ Կազմակերպությունը նշել է, որ 1961 թվականի մահապատիժն իրականացվել է կախաղանի միջոցով։

ԱՄՆ-ում ռազմական գնդակահարության վերջին հայտնի դեպքը տեղի է ունեցել 1945 թվականի նոյեմբերին։

Ռազմական հոգեբույժ, մայոր Նիդալ Մալիկ Հասանը 2009 թվականին Տեխասի Ֆորտ Հուդ ռազմաբազայում գնդակահարել է 13 անզեն զինծառայողի և վիրավորել ևս 32-ի։ Հարձակումը տեղի է ունեցել մարդաշատ բժշկական մասնաշենքում, որտեղ մարտական գործողությունների գոտի մեկնել պատրաստվող զինծառայողները սպասել են բուժզննման և պատվաստումների։

Դեպքը տեղի է ունեցել Հասանի, որն այժմ 56 տարեկան է, և նրա ծառայակիցների՝ Աֆղանստան ծառայության մեկնելուց մի քանի շաբաթ առաջ։

Իսլամ դավանող Հասանը դատարանում հայտարարել է, որ ցանկացել է պաշտպանել իր հավատակիցներին և ծառայակիցների վրա հարձակվել է՝ նրանց Աֆղանստանում թալիբների դեմ կռվելու չուղարկելու նպատակով։ Հարձակման ընթացքում նա բացականչել է «Ալլահ աքբար», որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «Ալլահը մեծ է»։

Ձերբակալության ընթացքում Հասանը վիրավորվել է ոստիկանների կրակոցներից։ Ստացած վնասվածքի հետևանքով նա մասամբ կաթվածահար է եղել և հայտնվել անվասայլակում։

Մայորը երբեք չի հերքել, որ ինքն է Ֆորտ Հուդ ռազմաբազայում իրականացրել հրաձգությունը։

2013 թվականին ռազմական տրիբունալը Հասանին մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր 45 կետերով և մահապատժի դատապարտել մահաբեր ներարկման միջոցով։

Ներկայում Հասանն ԱՄՆ ռազմական դատարանների համակարգում մահապատժի դատապարտված չորս բանտարկյալներից մեկն է։

Մալիկ Հասանին գնդակահարելու վերաբերյալ Թրամփի որոշմանն արձագանքելով՝ մահապատժի ամբողջական վերացման օգտին հանդես եկող Death Penalty Action իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է. «Չկա ոչինչ, որը Դոնալդ Թրամփն ավելի շատ սիրի, քան կյանքից զրկելու իշխանությունը»։

Թրամփը դաշնային մակարդակում մահապատժի կիրառման կողմնակից է և այդ գործելակերպը վերականգնել է 2025 թվականի հունվարին՝ իր վարչակազմի աշխատանքի հենց առաջին օրը ստորագրած հրամանագրով։

Leave a comment