«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միքայել Մինասյանը հոկտեմբերի 9-ին հրավիրվել է դատախազություն։ Եվ սա այն  պարագայում, երբ շուրջ վեց տարի արդեն Հայաստանում չէ և հետախուզվում է։

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանից ենթադրյալ ապօրինի գույք են ուզում  բռնագանձել և նա հրավիրվել է դրա հետ կապված դիրքորոշում հայտնելու։ Նույն օրը դատախազութոյւն է հրավիրվել ևս տասը անձ։

«Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի փեսա Միշիկին, մենք Միշիկի ապօրինի գույքերն ենք այսօր հետ վերադարձնում»,- Փաշինյանն այս հայտարարությունն արել էր հունիսի 4-ին՝ նախընտրական եզրափակիչ բանավեճի ժամանակ։ Այդ պահին Մինասյանի ենթադրյալ ապօրինի գույքի կամ դրա վերադարձի վերաբերյալ հրապարակային որևէ տեղեկություն չկար։

Միայն սեպտեմբերի 29-ին՝ գրեթե չորս ամիս անց, հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում մեկը մյուսի հետևից հայտնվեցին Մինասյանին և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերող ծանուցումները։

Ի՞նչ գույքի մասին է խոսքը, ովքե՞ր են Մինասյանի հետ նույն վարույթում հայտնված անձինք և ի՞նչ կապ ունեն նրանք միմյանց հետ․ Factor TV-ն համադրել է հրապարակված ծանուցումները, դատական փաստաթղթերն ու բաց աղբյուրներում հասանելի տեղեկությունները։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն հրավիրվածների ցանկում է Բագրատ Սարգսյանը, որն «Արմենիա» հեռուստաընկերության համահիմնադիրներից է։ 1998 թվականին՝ ընկերության հիմնադրման պահին, նա ունեցել է 27% բաժնեմաս։ Հետագայում Բագրատ Սարգսյանը տեղափոխվել է ԱՄՆ ու հիմնել USArmenia հեռուստաընկերությունը: 

Նույն օրը դատախազություն հրավիրված  մյուս անձը Արամ Մնացականյանն է՝ Միքայել Մինասյանի դասընկերը։ Նրան է պատկանում «Շանթ» հեռուստաընկերության 48% բաժնեմասը։ Մնացականյանը նաև «Մերիան գրուպ» ՍՊԸ-ի 100% սեփականատերն է, որը զբաղվում է դեղերի մեծածախ առևտրով։ Դատախազությունը դեռևս 2025-ին հայտնել էր, որ Մինասյանը, Մնացականյանն ու ևս մեկ անձ նախնական համաձայնության են եկել՝ թաքցնելու «Շանթ» ՍՊԸ-ի 48% բաժնեմասերի իրական ծագումն ու պատկանելությունը։

«․․․Հիմնավորվել է, որ Արամ Մնացականյանը, Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի և Լ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, կատարել է փողերի լվացում՝ ձեռք է բերել և օգտագործել, փաստացի տիրապետել և տնօրինել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի գույք՝ թաքցնելով և խեղաթյուրելով այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, իրական բնույթը և ծագման աղբյուրը»,- նշվում է գործի վերաբերյալ Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։

«Երևան Մոլ»-ի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը նույնպես Դատախազություն հրավիրվածների ցանկում է, նա նախկինում ղեկավարել է PanArmenian Media Group-ը։ Սեկոյանը բացի այդ անցնում է Մինասյանին առնչվող քրեական գործերից մեկով։ Ըստ մեղադրանքի՝ նա 2013-ին նշանակվել է այն ժամանակվա «Շին Տավր»՝ հետագայում «Երևան Մոլ»-ի տնօրեն, իսկ 2019-ին նրա անունով ձևակերպվել է MLRE LTD-ին պատկանող «Երևան Մոլ»-ի 30% բաժնեմասի՝ շուրջ 3,2 մլրդ դրամով վաճառքը, որը Դատախազությունը համարում է ձևական գործարք։ 

«Միքայել Մինասյանը, Արմինե Հասրաթյանը և Լեոնիդ Արևշատյանն Արշակ Պողոսյանի և Վազրիկ Սեկոյանի հետ հանցավոր կազմակերպության կազմում, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներից 3.124.800.000 ՀՀ դրամի ծագման աղբյուրը, տեղաշարժը տարբեր պայմանագրերի ներքո քողարկելով, գումարի պատկանելությունը թաքցնելով և խեղաթյուրելով, այն շրջանառվել է 4 կազմակերպությունների հաշվեհամարների միջոցով ու վերջնարդյունքում գումարը փոխանցվել է «Շին Տավր» ՍՊ ընկերությանը՝ նշված եղանակով վճարվելով ընկերության բաժնեմասերի արժեքը, իսկ հետագայում Արշակ Պողոսյանը փոխանցել, իսկ Վազրիկ Սեկոյանը ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված՝ արդեն իսկ «Երևան Մոլ» անվանումը կրող ՍՊ ընկերության բաժնեմասերը՝ թաքցնելով ընկերության բաժնետոմսերի իրական պատկանելությունը»,-նշվում է գործի փաստական նկարագրում։

Տիգրան Եղոյանը, ըստ մեղադրանքի նկարագրության, ընդգրկված է եղել Միքայել Մինասյանի և Լեոնիդ Արևշատյանի ղեկավարած ենթադրյալ հանցավոր կազմակերպության «առավել վստահելի մասնակիցների» շրջանակում և մասնակցել է «SI Holding»-ում ձևավորված ստվերային կառավարմանը։ Նրա անունը նշված է նաև այն անձանց թվում, որոնց էլեկտրոնային հասցեներին ուղարկվել են այդ խորհրդակցությունների արձանագրությունները։

Ըստ մեղադրանքի նկարագրության՝ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են, մասնավորապես, ընկերությունների ընթացիկ գործունեությունը, գույքի ձեռքբերումն ու փոխանցումը, ֆինանսական հոսքերի կառավարումը, շահույթների բաշխումը, պաշտոնատար անձանց միջոցով օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու հարցերը։

«SI Holding-ում անցկացված խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ընկերությունների գործունեությունը, գույքի ձեռքբերումն ու փոխանցումը, շահույթների բաշխումը, ֆինանսական հոսքերի կառավարումը, պաշտոնատար անձանց միջոցով օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը, ինչպես նաև, ըստ փաստաթղթի ձևակերպման, «փողերի լվացքը վերջացնելու» հարցը։ Քննարկումների վերաբերյալ կազմված արձանագրությունները Լեոնիդ Արևշատյանի օգնական Մերի Գրիգորյանի էլեկտրոնային հասցեից ուղարկվել են Մինասյանին, Արևշատյանին, Տիգրան Եղոյանին, Արմեն Պետրոսյանին, Ռոզա Ստեփանյանին, Բագրատ Սարգսյանին, Վազրիկ Սեկոյանին և այլ անձանց»,-նշվում է գործի փաստական նկարագրում։

Ծանուցում է հրապարակվել նաև Տիգրան Սաֆարյանի վերաբերյալ։ Սաֆարյանը երկար տարիներ կապված է Media International Service (MIS) գովազդային ընկերության հետ։ 2014-ի տեղեկատուն նրան նշում է գլխավոր տնօրեն, իսկ պետական իրական շահառուների 2025 թվականի հայտարարագրում նշված է որպես ընկերության 100% իրական շահառու դեռևս 2013-ից։ Media Ownership Monitor-ը MIS-ը ներկայացնում է որպես Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված ընկերություն և նշում, որ մամուլի հրապարակումներով՝ MIS-PanArmenian Media Group-Admospher համակարգը կապվել է Մինասյանի հետ։

Այդ ժամանակ Admospher-ը Հայաստանի հեռուստալսարանի չափումներ իրականացնող միակ ընկերությունն էր, սակայն շուկայի մի շարք մասնակիցներ կասկածի տակ էին դնում նրա տվյալների արժանահավատությունը։ 2022-ին անցկացված միջազգային աուդիտը եզրակացրել էր, որ ընկերության չափման համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ 

Դատախազություն է հրավիրվել նաև Միքայել Մինասյանի կինը՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դուստր Անուշ Մինասյանը։

Ձորագետ Հիդրո»-ի գործով Միքայել Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածով դեռևս 2023-ի օգոստոսին։ Նրա հետ նույն գործով անցնում է նաև Արմեն Պետրոսյանը, որի վերաբերյալ նույնպես ուսումնասիրություն է կատարվել Դատախազությունում։

«Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ մինչև 2016 թվականն ինչպես անձամբ, այնպես էլ իր մտերիմներ Արմեն Պետրոսյանի և Լեոնիդ Արևշատյանի միջոցով մասնակցել է 2010 թվականին հիմնադրված՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով ապօրինի գործունեության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը»,-նշվում է գործի փաստական նկարագրում։

Բայց սա հրավիրված անձանց ամբողջական ցանկը չէ։ Նրանք կարող են Դատախազություն գնալ, ծանոթանալ ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին, ներկայացնել դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագի։

Այն, որ Միքայել Մինասյանը դժվար թե ընդունի հրավերը և հետախուզվողի կարգավիճակում ներկայանա, թերևս պարզ է բոլորի, այդ թվում՝ դատախազության պաշտոնյաների համար։ Որտեղ է այս պահին նախկին դեսպանը և ինչ տարբերակներ կան նրան արդարադատության առջև կանգնեցնելու․ մինչ այս հարցերի պատասխանները օդում կախված են մնում տարիներ շարունակ, Մինասյանը պարբերաբար իր մասին հիշեցնում է  Հայաստանի քաղաքական կյանքի մասին վերլուծություններով ու Փաշինյանի իշխանության վերաբերյալ քննադատական տեսանյութերով։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment