Ո՞ւր էին գնում Երևան-Երասխ ճանապարհին մեքենայի հրդեհից մահացած 4 ուղևորները. մանրամասներ

Երևան–Երասխ ճանապարհին` Արարատի մարզի Սուրենավան գյուղի վարչական տարածքում, մեքենայում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 4 ուղևորը Աբովյան քաղաքի բնակիչներ էին։ Այս մասին հայտնում է news.am–ը։

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր` հունիսի 29–ին` ժամը 04։50-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Սուրենավան գյուղի մոտ «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ–փրկարարները մարել էին կրակը և հայտնաբերել 3 քաղաքացու կիսամոխրացած մարմին։ Ավելի ուշ կայքը տեղեկացրեց, որ փրկարարները նույն տեղում ևս մեկ կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։

Նշվում է, որ ըստ տեղեկությունների` քաղաքացիները գիշերը 3:00-ի սահմաններում դուրս են եկել Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) Աբովյանի տարածքային բաժանմունքից։ Նրանք ուղևորվում էին դեպի X զորամաս՝ հարազատին տեսակցելու նպատակով։

Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, որ արտաքին հատվածում մեքենան վնասված չէ, միայն ներսն է ամբողջությամբ մոխրացել, պատուհաններն ու դիմապակին էլ փշրվել են, իսկ հետևի ապակին ամբողջական է մնացել։ Դրսի կողմից մեքենայի միայն վերևի հատվածն է կիսով չափ հալվել։

Մինչ այս պահը դեպքի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանները և քննիչները։

Sputnik Արմենիա

Leave a comment