Մուսկատում տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի հարցերով Իրան-Օման համատեղ կոմիտեի առաջին նիստը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Հունիսի 23-ին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանն ու Օմանը ստեղծում են Հորմուզի նեղուցի վերաբերյալ երկխոսության համատեղ կոմիտե։
«Մուսկատ կատարած այցի ընթացքում տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի հարցերով համատեղ կոմիտեի առաջին նիստը… Նեղուցին վերաբերող արդիական հարցերի քննարկման ընթացքում մենք մտքեր ենք փոխանակել նեղուցի ապագա կառավարման վերաբերյալ՝ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 5-րդ հոդվածի և ափամերձ պետությունների ինքնիշխան իրավունքների շրջանակներում», – գրել է Ղարիբաբադին։
Իրանական իշխանությունները նախկինում հայտարարել էին Հորմուզի նեղուցի համար նոր իրավական կարգի մշակման մասին՝ նշելով, որ այս գործընթացը համակարգվում է մեկ այլ ափամերձ պետության՝ Օմանի հետ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը տարիներ շարունակ բաց է եղել նավերի ազատ անցման համար, սակայն Հորմուզի նեղուցում իրավիճակը երբեք էլ նույնը չի լինի ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո։
Իրանական իշխանությունները ընդգծել են ջրային ճանապարհով նավերի անվտանգ անցման հետ կապված ծառայությունների համար վճարներ գանձելու իրենց ծրագրերը, չնայած Թեհրանը նշել է, որ այդ վճարները տուրքեր չեն։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրից հետո Իրանը պարտավորվել է 60 օրվա ընթացքում նավերից որևէ վճար չգանձել։