«Խաղաղություն առանց զիջումների» ծրագիր ներկայացնելու ենք երկու շաբաթ հետո, համախմբելու ենք ընդդիմադիր շատ ուժերի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9–ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Համախմբելու ենք ճիշտ ուժերի, որոնք իրոք ընդդիմադիր ուժեր են և դրանից հետո բոլոր այս քայլերի դեմ ընդհանուր ճակատով ենք պայքարելու,–ասաց նա։
Հարցին՝ ո՞նց եք չափում՝ ով է ընդդիմադիր, ով ոչ, Կարապետյանը պատասխանեց. «Ես դա անգիր գիտեմ»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ընդիմության խոսույթը ադրբեջանցի հանցագործի հետ կապված բերեց հասցրեց նրան, որ հիմա եթե Աստված ոչ անի հայկական կողմից մի զինվոր մոլորված անցնի իրենց կողմ,նույն բանը հայ զինվորի հետ կապված է լինելու, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդն ասաց. «Առաջին հերթին պարտավոր են չթողնեն, որ հայ զինվորները մոլորվեն։ Իրենք այնպես են դա ներկայացնում, որ իրենք դրա հետ գործ չունեն։ Բա որտե՞ղ է պաշտպանության նախարարը, ՊՆ–ի այդքան գեներալները, թող ճիշտ կազմակերպեն մեր զինվորների կեցավայրերը, ծառայությունները, որ մեր զինվորները չմոլորվեն։
Երկրորդը, մենք բոլորս գիտենք որ Փաշինյանը Ալիևի կամակատարն է, դա Ալիևը ասել է, Փաշինյանը դրանով փորձում է ընդիմությանը վախեցնել։ Երբ մենք համախմբենք, ես նույնիսկ դիմելու եմ, որ ՔՊ-ականներն էլ միանան մեզ, քանի որ իրենք էլ դարձել են Փաշինյանի կամակատարները։ Ես ցավ եմ ապրում, որ այնտեղ էլ կան արժեքավոր մարդիկ, որ իրավունք չունեն այս պայմաններում մնան Փաշինյանի կամակատարները»։
Հարցին՝ ադրբեջանցի զինվորին դիվերսանտ համարո՞ւմ է, Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Համենայնդեպս, ես համարում եմ իրեն որպես շատ մեծ հանցագործ։ Եթե շատ մեծ հանցագործ է, ցանկացած անուն կարող ենք դնել դրա վրա»։