ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Իսրայելի խոշոր պաշտպանական ընկերությունները՝ Elbit Systems-ը և Israel Aerospace Industries (IAI)-ն, հարյուրավոր միլիոնավոր շեկել արժողությամբ ժամանակակից սպառազինություն և ռազմական սարքավորումներ են վաճառել Կատարին և Սաուդյան Արաբիային։
Այս մասին հայտնում է Haaretz թերթը՝ հղում անելով իր հետաքննությանը։ Նշվում է, որ գործարքները կատարվել են գաղտնի, քանի որ Իսրայելը պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունի այդ երկրների հետ։
Հրապարակման համաձայն՝ Կատարը ձեռք է բերել C-MUSIC լազերային հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք նախատեսված են օդանավերը հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար։ Այդ համակարգով, մասնավորապես, համալրվել է նաև Կատարի էմիրի անձնական ինքնաթիռը։
Բացի այդ, Կատարն ու Սաուդյան Արաբիան ստացել են իսրայելական սարքավորումներ, որոնք ինտեգրվում են ամերիկյան F-15 կործանիչներին։ Խոսքը սաղավարտին ամրացվող թիրախավորման համակարգերի և գիշերային տեսանելիության սարքերի մասին է։
Պաշտպանական պայմանագրերի շրջանակում արաբական երկու միապետություններին փոխանցվել են նաև Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերի առանձին բաղադրիչներ։