Ուկրաինայում նշում են Հայոց Աստվածամոր սրբապատկերի օրվա 235-ամյակը

Ամեն տարի հունիսի 27-ին նշվում է Կամենեց-Պոդոլսկիի Հայոց Աստվածամոր սրբապատկերի օրը։

Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, հայտնի է, որ սրբապատկերը մեծ կարևորություն է ստացել Կամենեց-Պոդոլսկի քաղաքի քրիստոնեական երեք ծեսերի հավատացյալների՝ հայերի, ուկրաինացիների և լեհերի կողմից։

Ուկրաինացի հայտնի գիտնական Իրինա Գայուկը Կամենեց-Պոդոլսկիի Հայոց Աստվածամոր սրբապատկերը բնութագրել է որպես «Դարերն ու ժողովուրդներին կապող թել»։

«Բացառությամբ, թերևս, Լվովի հայկական մայր տաճարի, ոչ մի այլ կոթող կամ մասունք այնքան խորությամբ չի արտացոլում Ուկրաինայի հողում հայերի անցած պատմական ուղին, որքան այս սրբապատկերը»։

«Այն Կամենեց-Պոդոլսկ էր բերվել Ղրիմից և, հավանաբար, նկարվել էր Վենետիկի հայ համայնքի պատվերով։ 17-րդ դարում, երբ թուրքերը գրավեցին քաղաքը, սրբապատկերը «շրջել է» Եվրոպայի կեսով, բայց քաղաքի ազատագրումից հետո միևնույն է՝ վերադարձավ այստեղ։ Ճիշտ է, հրաշագործ պատկերը ստիպված եղավ երկար սպասել Սուրբ Նիկողայոս մայր տաճարի վերականգնմանը՝ այդ ընթացքում գտնվելով Սուրբ Ստեփանոսի հայկական մատուռում։ Եվ միայն 1791 թվականի հունիսի 27-ին սրբապատկերը հանդիսավորությամբ օծվեց ու տեղափոխվեց վերակառուցված տաճար, իսկ Լվովի հայ կաթողիկե արքեպիսկոպոս Թումանովիչն այդ օրը հռչակեց մեծ տոն։

Սրբապատկերը պաշտում էին քաղաքի բոլոր դավանանքների հավատացյալները՝ հայ կաթողիկեները, ուղղափառ ուկրաինացիներն ու հռոմեական կաթոլիկ լեհերը։ Նրանք գալիս էին սրբապատկերի մոտ օգնություն հայցելու, մխիթարություն ու պաշտպանություն փնտրելու։ Սակայն 1920 թվականին, բոլշևիկների կողմից տաճարի թալանվելուց հետո, սրբապատկերն անհետացավ և գրեթե 100 տարի համարվում էր կորած, մինչև որ 2006 թվականին այն հայտնաբերվեց Կիևի Վարվարա և Բոգդան Խանենկոների անվան թանգարանում։

Մանրակրկիտ փորձաքննությունից հետո հաստատվել է դրա իսկությունը, իսկ 2012 թվականի հունիսի 27-ին Վարվարա և Բոգդան Խանենկոների անվան թանգարանում տեղի ունեցավ սրբապատկերի հանդիսավոր շնորհանդեսը»,— նշել է Իրինա Գայուկը։

News.am

Leave a comment