Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզային քննչական վարչությունում սկսել են ուսումնասիրել 25 տարուց ավել Ախուրյանի համայնքապետի պաշտոնը զբաղեցրած ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանի հողահատկացումներից մեկը։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ախուրյանի բաժնում դեռ հունիսի 5-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել նրա Իգիթյանի հողահատկացման շուրջ, ձեռնարկել են ստուգողական գործողություններ, որի արդյունքում պարզվել է, որ Արծրուն Ներսեսի Իգիթյանը, 1996-2023 թվականներին հանդիսանալով ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի խոշորացված համայնքի ղեկավար, Ախուրյան համայնքում գտնվող «Մայր Հայաստան» կոթողին հարող պուրակը, որը կառավարության N1823-Ն որոշմամբ որպես «հուշարձան» հանձնված է եղել Ախուրյան համայնքին և ենթակա չի եղել օտարման, 1998 թվականին համայնքապետի՝ հուլիսի 7-ի և դեկտեմբերի 25-ի որոշումներով 290 քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ առանց հողի գործառնական նշանակության փոփոխության, կառուցապատման իրավունքով վարձակալության է տրամադրվել Ախուրյանի բնակչուհի Ա․Ս․-ին։
Իսկ 2008 թվականին Արծրուն Իգիթյանը այն օտարել է այս կնոջը, մինչդեռ Ախուրյան գյուղի գլխավոր հատակագծում առկա անհամապատասխանությունն ուղղելու և հուշարձանի պահպանության գոտուց բացի մյուս հողամասերը չմասնավորեցվող հողերի կազմից հանելու նպատակով լիազոր մարմնի համաձայնեցմանն է ուղարկվել Ախուրյան համայնքի ավագանու 2014 թվականի մայիսի 5-ի թիվ 22 որոշմամբ հաստատված նախագծման առաջադրանքով կազմված հողաշինարարական գործը։
Այս տարվա հուլիսի 27-ին ՀԿԳ ավագ համայնքային ոստիկաններից մեկը վերոգրյալի վերաբերյալ ներկայացրել է հանցանքի՝ տվյալ դեպքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու մասին հաղորդում։
Փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Aravot.am-ը այս թեմայի շուրջ կլսի նաև Արծրուն Իգիթյանի պարզաբանումները, կփորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է իրավապահների ուշադրությունը գրավել վաղեմության ժամկետ ունեցող այս գործը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերին մեկ ձայնի առավելությամբ այստեղ համայնքապետ էր ընտրվել «Ախուրյան» դաշինքի ղեկավար Արծրուն Իգիթյանը՝ իշխանություն ձևավորելով դաշնակցական Կարեն Արշակյանի գլխավորած «Հաղթանակ» դաշինքի հետ։
Սակայն Արծրուն Իգիթյանը 2023 թվականի հուլիսի 13-ին հրաժարական տվեց՝ պատճառաբանելով, թե առողջական խնդիրների պատճառով է հրաժարական ներկայացրել ու վաղաժամկետ դադարեցրել իր լիազորությունների կատարումը։
ՔՊ-ին, ըստ էության, հաջողվեց իշխանափոխություն կատարել այս համայնքում՝ մանդատագողության ճանապարհով։ Աշնանը այս համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: