Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ եթե իշխանությունների հակաեկեղեցական արշավը հասնի նրան, որ Ամենայն հայոց կաթողիկոսը կալանավորվի, ապա դրա համար ամբողջ հայ ժողովուրդն է ստիպված լինելու վճարել։
Այդ մասին նա ասաց Վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում՝ իր գործով կայացված որոշումից հետո։
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բեկանել Միքայել սրբազանի գործով Երևանի առաջին ատյանի դատավճիռն ու վարույթը նոր քննության ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան։
«Աստված մի՛ արասցե, եթե նման բան տեղի ունեցավ (նկատի ունի վեհափառ հայրապետի կալանավորումը), ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը»,- ասաց սրբազանը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք շարունակելու՞ է քննադատել իշխանություններին, Միքայել սրբազանը կատակեց․
«Չէ, բա, պիտի գլուխները շոյեմ»։
Ինչ վերաբերում է տնային կալանքի վերացմանը, սրբազանը կրկին կատակեց, թե իզուր վերացրեցին, ֆուտբոլ էր նայում, հիմա էլ չի կարողանալու։
«Ես պատրաստ եմ եղել ամենալավին էլ, ամենավատին էլ։ Ես ազատ եմ եղել մինչև, ազատ եմ եղել էդ ժամանակ, ազատ կլինեմ հետո էլ»,- ասաց Միքայել սրբազանը։
Նշեց, որ դատարանի կայացրած որոշումը ոչ բավարար է համարում, քանի որ չարդարացվեց։
Պատասխանելով այն հարցին, թե ուր է հիմա գնալու՝ սրբազանը նշեց՝ նախ գնալու է Բագրատ սրբազանին տեսնելու (զուգահեռ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Սրբազան պայքարի» գործով դատական նիստը- խմբ․), դրանից հետո գնալու է Մայր աթոռ սուրբ Էջմիածին՝ վեհափառ հայրապետի հետ տեսակցելու։
Sputnik Արմենիա