«Այս հարցին տևական ժամանակ չեմ պատասխանել՝ մի բանի համար, որ չցավեցնեմ իր տարեց մորը»․ Դավիթ Համբարձումյանը՝ Արման Սարոյանի մասին

Պատրա՞ստ եք ներել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին: Aravot.am-ի հարցին այսօր Դավիթ Համբարձումյանը պատասխանեց․ «Այս հարցին տևական ժամանակ չեմ պատասխանել՝ մի բանի համար, որ չցավեցնեմ իր տարեց մորը։ Ես հարգում եմ իր ընտանիքը, այլ հարց է մեր հարաբերությունները։ Խնդրում եմ այսքանով սահմանափակենք այս հարցերը։ Մենք որևէ շփում մեկ տարուց մի քիչ ավել չունենք։ Ես իրեն էլ եմ հարգել, եկեղեցական դիրքն էլ եմ հարգել, որպես մարդ ընդունել եմ։ Եկեք մեր յուրաքանչյուրի արածի գնահատականը թողնենք Աստծուն, թող Աստված տա։ Երբ ժամանակը կգա, Աստված էդ գնահատականը կտա»։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Մասիսում մեկնարկել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։ Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը այս ընտրություններին մասնակցում է «Կառուցողական» դաշինքով։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Մասիսի նախկին քաղաքապետի որդին է՝ Հովհաննես Հակոբյանը։

Քարոզարշավի մեկնարկի պաշտոնական արարողության ավարտից հետո «Կառուցողական» դաշինքի անդամներն ու համակիրները քայլերթով գնացին Մասիսի կենտրոնում գտնվող Սուրբ Թադեոս եկեղեցի՝ մոմավառության։

Լրագրողների հարցերին՝ եթե եկեղեցում Արման Սարոյանը դեմ-հանդիման դուրս գա և փորձի մոտենալ, ներում հայցել, փորձի օրհնել, Դավիթ Համբարձումյանը պատասխանեց. «Գնանք, կտեսնենք։ Ես կարգալույծ մարդու օրհնության կարիքը չունեմ»։

Ի դեպ, եկեղեցում անգամ որևէ քահանա չդիմավորեց ուխտավորներին։ Նրանք ներս մտան, աղոթեցին, մոմ վառեցին և հեռացան։ Եկեղեցու բակում հավաքվածները խոսում էին, որ Արման Սարոյանը պատուհանից «ծիկրակում» էր։

Դիտարկմանը, որ իր մայրը 1,5 տարի Սուրբ Թադեոս եկեղեցի ոտք չի դնում, հատկապես Արման Սարոյանի՝ եկեղեցու դեմ արշավից հետո, Դավիթ Համբարձումյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ մայրս գնում է եկեղեցի, թե չէ, բայց եկեղեցին մեր եկեղեցին է, մեր համայնքի եկեղեցին է, մեր Աստծո տունն է և ինչ-որ մեկը չի կարող արգելել մեզ գնալ մեր եկեղեցի։ Ես իմ թիմակիցներին կոչ արեցի քայլերթով գնալ, ժողովրդի հետ շփվելու, գնալ մեր եկեղեցի մոմավառության։ Մենք փորձել ենք այդ խնդիրների մեջ քաղաքացիներին չներքաշել, հետևաբար մենք նոր համերաշխություն ձևավորելու կարիք չունենք։ Բայց ինձ համար զարմանալի են հարցադրումները, թե արգելում են»։

Ինչ վերաբերում է նրան, որ ոստիկանական գվարդիայով հսկվում է եկեղեցին, նա նշեց. «Ես չեմ կարծում, որ ոստիկանական գվարդիան եկեղեցին է հսկում, եկեղեցին հսկման կարիք չունի։ Եթե ինչ-որ անհատների է հսկում ոստիկանական գվարդիան, ես չեմ կարծում, որ գվարդիան եկեղեցու հետ որևէ առնչություն ունի»։

Հարցին՝ ՔՊ-ական իշխանության հետ հարաբերությունները ինչպե՞ս է պատկերացնում, Դավիթ Համբարձումյանը պատասխանեց. «Մենք երկար տարիներ աշխատել ենք որպես համայնքային իշխանություններ և կարողացել ենք մեր աշխատանքը այնպես դասավորել, որ քաղաքական տարաձայնությունները չխանգարեն համայնքի զարգացմանը, հետևաբար նույն կերպ աշխատելու ենք։ Որոշակի մանր-մունր դեպքեր կան, որոնց մասին չենք աղաղակում, չենք խոսում։ Եթե նման բաներ կլինեն, մեր կողմից կլինի ադեկվատ արձագանք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Համբարձումյանը տեղեկացրեց, որ քարոզարշավի ընթացքում այցելելու են բոլոր համայնքներ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment