Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը

Քաղաքականություն

25.06.2026 | 15:18

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է, որ Իսրայելը դուրս է եկել Լիբանանի հարավային տարածքներից, որոնք գրավել էր լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման դեմ պատերազմի ժամանակ, հավելելով, որ Լիբանանի զինված ուժերն  այժմ պետք է միջամտեն, գրում է The Times of Israel-ը։

Լիբանանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան, սակայն, ասել է, որ իրենք տեղյակ չեն իսրայելական զորքերի դուրսբերման մասին Լիբանանի հարավում գտնվող, այսպես կոչված, անվտանգության գոտուց։

Պետքարտուղարության պաշտոնյան չի նշել, թե որքան տարածքից է Իսրայելը հետ քաշվել կամ հստակ որտեղից է տեղի ունեցել նահանջը: Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ բանակցություններ են վարում, որոնք մասամբ ուղղված են Իսրայելի և «Հըզբոլլահ» խմբավորման միջև մարտական ​​գործողությունների դադարեցմանը։

«Իսրայելն արդեն իսկ կոնկրետ քայլ է ձեռնարկել՝ հետ քաշվելով իր անվտանգության գոտու մի մասից։ Սա Լիբանանի օրինական կառավարության նկատմամբ բարի կամքի նշանակալի դրսևորում է։ [Լիբանանի զինված ուժերը] այժմ պետք է մտնեն և հստակորեն մաքրեն ահաբեկչական զենքերն ու ենթակառուցվածքները։ Այս մոդելը կկրկնվի ամբողջ Հարավային Լիբանանում՝ հնարավորություն տալով տեղահանված ընտանիքներին անվտանգ վերադառնալ, վերակառուցել հարավը և վերականգնել Լիբանանի լիակատար ինքնիշխանությունը»,- ասել է պաշտոնյան։

Իսրայելի անվտանգության և ռազմական պաշտոնյաները, սակայն, հերքում են Reuters-ի հաղորդումն այն մասին, որ Իսրայելի բանակը դուրս է եկել Լիբանանի տարածքի որոշ մասերից։ Պաշտոնյաների խոսքով՝ իսրայելական զինվորականներին դեռևս քաղաքական առաջնորդները հրահանգ չեն տվել դուրս գալու մասին։

Իսրայելի բանակի հնարավոր դուրսբերումը հարավային Լիբանանի տարածքներից քննարկվել է Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունների ընթացքում, սակայն կողմերը դեռևս որևէ համաձայնության չեն հասել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment