Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) մտադիր է ներդրումներ անել Հայաստանի զբոսաշրջության և լոգիստիկայի ոլորտներում։ Այս մասին Ալմաթիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով առաջիկա տարիների ծրագրերը, հայտարարել էԵվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
Նա նշել է, որ 2022-2026 թվականներին բանկը 380 մլն դոլար է ներդրել Հայաստանում իրականացվող նախագծերում, ինչը զգալիորեն գերազանցել է սկզբնական ծրագրերը։ Այս ընթացքում ներդրումների առումով առանցքային են դարձել «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի», «Երեմյան ֆարմ» խմբի և արևային կայանի նախագծեր։
«Կարծում եմ՝ կավելանա ևս մեկ նախագիծ լոգիստիկայի ոլորտում։ Նաև մի նախագիծ կստորագրենք «Մայլեռ» զբոսաշրջային համալիրի զարգացման վերաբերյալ», – ասել է Պոդգուզովը Եվրասիական զարգացման բանկի տարեկան հանդիպման և բիզնես ֆորումի շրջանակներում։
Նա նշել է, որ բանկն աշխատում է Հայաստանի համար ճիշտ ռազմավարություն մշակելու վրա։ Երբ այն մշակվի, պարզ կլինի, թե բանկը առաջիկա տարիներին ինչ ծավալի ներդրումներ է մտադիր անել։
2027-2031 թվականներին բանկը նախատեսում է անդամ երկրներում ընդհանուր 13,5 մլրդ դոլար ներդնել։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ԵԶԲ-ն պարտավորվել էր 2022-2026 թվականներին այդ երկրներում 10,9 մլրդ դոլար ներդնել, սակայն արդեն իսկ ներդրել է 10,9 մլրդ դոլար։ Մինչև տարեվերջ այս թիվը կարող է հասնել 12 մլրդ դոլարի։
ԵԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է ծավալում եվրասիական տարածքում։ Մինչ այս կազմակերպության անդամ էին Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Վերջերս բանկին միացավ նաև Ուզբեկստանը։
Sputnik Արմենիա