Տիգրան Ավինյանը և Ստոկհոլմի նրա գործընկերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և ռեգիոնների միության գործադիր տնօրեն Ռայան Նոքսի հրավերով «Fiscal Decentralisation and Local Self-Government Reforms» աշխատաժողովին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով Ստոկհոլմում էր:

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ»-ի (Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և տարածաշրջանների ասոցիացիա) առաջին փոխնախագահ Լեիվ Սանդբերգի, գործադիր տնօրեն Ռայան Նոքսի և ծրագրերի ղեկավար Լենա Ֆալկոնի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ապակենտրոնացմանը և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին, ֆինանսական կառավարմանը, տեղական իշխանությունների դերերին ու հաշվետվողականությանը վերաբերող հարցեր։ Տիգրան Ավինյանը ծանոթացել է նաև կրթության և ֆինանսական ապակենտրոնացման վերաբերյալ շվեդական փորձին, մասնակցել շվեդական համահարթեցման համակարգին վերաբերող քննարկմանը։

Շվեդիայի Թագավորության մայրաքաղաքի այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է նաև Ստոկհոլմի գործընկերոջ՝ քաղաքային խորհրդի նախագահ Օլե Բուրրելի հետ:

Երկու մայրաքաղաքների ղեկավարներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերին, խոսել քաղաքային տարբեր ծրագրերից ու նպատակներից, նախանշել գործակցության հնարավոր ուղղությունները:

Երևանի քաղաքապետը հանդիպումներ է ունեցել նաև Շվեդիայում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանի, ինչպես նաև Շվեդիայի թագավորության արտաքին գործերի պետական քարտուղար Կարին Յուհլինիի հետ։

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment