«Փաստ» օրաթերթը գրում է.
vz.ru–ն «Հայաստանում ավարտին է հասցվում բռնապետության ստեղծումը» վերնագրով հոդվածում գրում է, թե այն, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքը Հայաստանը վերածել է բռնապետության, ակնհայտ դարձավ ընտրություններից անմիջապես հետո։ Դա ակնհայտ երևում է ընդդիմության զանգվածային ձերբակալություններից և արդյունքներից, որոնք անուղղակիորեն կեղծիքի նշաններ ունեին, այն է՝ անհամապատասխանություն սոցհարցումներին և վերջնական արդյունքների ճշգրտում կառավարության, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ՔՊԿ օգտին։
Վերջին ինտրիգը պտտվում էր Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ։ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների համաձայն, նա ստացել էր 4 % և մտել խորհրդարան։ Բայց նույն մարմնի «ճշգրտված վերջնական արդյունքների» համաձայն, ստացվեց ընդամենը 3.98 %, և ԲՀԿ–ն չկարողացավ մտնել խորհրդարան, ինչը իշխանություններին լրացուցիչ տեղեր տրամադրեց «փոշիացված» մանդատները բաշխելիս։ Ծառուկյանի մարդիկ հայտնաբերեցին բացակայող ձայները և դիմեցին դատարան, դատարանը չեղյալ հայտարարեց որոշ ընտրատեղամասերի արդյունքներ, և հիմա ԲՀԿ–ն ունի նույնիսկ ավելի քիչ, քան անհրաժեշտ է՝ 3,89 %, քանի որ «մաթեմատիկան» արդարադատության դաշնակիցը չէ։ Վերջին խոսքը Սահմանադրական դատարանինն է։ Յոթ ընդդիմադիր քաղաքական ուժ դատական հայց է ներկայացրել բոլոր արդյունքները չեղյալ համարելու համար։ Սակայն Փաշինյանը բավականին ագրեսիվորեն հասկացրել է, որ նոր ընտրություններ հաստատ չեն լինի, և սկսել է բոլոր ընդդիմադիր առաջնորդների դեմ ուղղված թիրախային արշավ։ «Երեխաների ապագային ուղղված ցանկացած սպառնալիք պետք է կանխվի օրորոցում։ Այդ սպառնալիքներն ունեն անուններ՝ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուսամետ օլիգարխ։ Քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց», – խոստացել է զայրացած Նիկոլը։
Սրանք բռնապետության նշաններ չեն, սա արդեն պատրաստի բռնապետություն է, երբ գործադիր իշխանության ղեկավարը թիրախավորում է բառացիորեն ողջ ընդդիմությանը։ Եվ սրանք դատարկ սպառնալիքներ չեն. Փաշինյանին պետք է հավատալ։ Նա չի հապաղել անվտանգության ուժերը գործի դնել նույնիսկ պետականաստեղծ Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ավելին, կուսակցական ընդդիմության առաջնորդների «ցուցակով» հետապնդումը ապագայի մասին չէ, այլ արդեն տեղի ունեցածի արձանագրում է։
«Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը ամբողջ ընտրարշավն անցկացրել է տնային կալանքի պայմաններում, նա Կաթողիկոսի հետապնդման վերաբերյալ իր մեկնաբանությունների պատճառով մեղադրվում է իշխանության զավթման կոչ անելու մեջ։ Սա քաղաքականացված արդարադատության կատարյալ օրինակ է, իսկ քաղաքականացված արդարադատությունը հոմանիշ է բռնաճնշումներին։ Եթե Կարապետյանը չլիներ ռուսամետ քաղաքական գործիչ, այլ հակառուս, ապա նրան Արևմուտքում կհայտարարեին խղճի բանտարկյալ։
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն է հանկարծակի դարձել քրեական գործի առարկա՝ կապված անշարժ գույքի հին գործարքների հետ։ Ավելի վաղ սահմանապահները խոչընդոտել էին Քոչարյանի դուրս գալը երկրից, ինչպես նախկինում խոչընդոտել էին նաև Գագիկ Ծառուկյանին, որին ուզում են դատել իբր հարկային խախտումների համար։
Կարճ ասած՝ ընդդիմության բոլոր առաջնորդները գտնվում են հետաքննության տակ։ Արժե հետևել, թե որքան արագ «երեխաների ապագայի համար սպառնալիք» կդառնա Արման Թաթոյանը՝ նախկին օմբուդսմենը, որը պատասխանատու էր իրավապաշտպանության համար Փաշինյանի կառավարման առաջին ժամկետի ընթացքում: Նրա կուսակցությունը՝ «Միասնության թևերը», անկախ էքզիթ-փոլերի համաձայն, անցել էր խորհրդարան, և հիմա Թաթոյանը ևս միացել է ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու պահանջով խմբային հայցին։
Կարապետյանի խոսքով, ընդդիմությունն այժմ համախմբվում է՝ Փաշինյանի դեմ միասնական ճակատ ստեղծելու համար, բայց, ինչպես արդեն նշվեց, ընդհանուր առմամբ, հայկական բռնապետության կառուցումն ավարտված է, ներկայում ընթացքի մեջ են «ներքին հարդարման» աշխատանքները։
Ինչ վերաբերում է փողոցային բողոքի ցույցերին, ապա Փաշինյանը թատերականորեն աղաչում է. «Խնդրում եմ, տվեք ինձ պատրվակ, որ բոլորին ջախջախեմ»։ Դա խաբեություն է, նրան պատճառ պետք չէ, նա կարող է անել այն, ինչ ուզում է։ Այս փուլում նրան անհրաժեշտ է միայն ևս մի քանի խորհրդարանական, քանի որ իր կուսակցությունը, չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր վերահաշվարկներին և կառավարության օգտին «ճշգրտումներին», չի հասել իդեալական արդյունքի, այն է՝ սահմանադրական մեծամասնության։ Հավանական է, որ ճնշումների ու սպառնալիքների ներկայիս արշավը նպատակ ունի հենց ընդդիմադիր պատգամավորներից «դասալիքներ» ներգրավել։ Այսպիսով, Փաշինյանի շանսերը՝ հօգուտ իրեն վերաձևելու Սահմանադրությունը՝ Արցախից վերջնականապես հրաժարվելու, դեպի ՆԱՏՕ-ամետ կուրս փոփոխություն կատարելու և անձնակենտրոն բռնապետությունն ավարտին հասցնելու համար, այժմ կախված են նրանից, թե արդյոք հայաստանյան բոլոր ընդդիմադիր պատգամավորները կկարողանան միահամուռ կերպով լինել անկաշառ ու անվախ։ Հետևաբար, Փաշինյանի շանսերը լավն են, եթե միայն Սահմանադրական դատարանը հանկարծ «հակահեղափոխության ակտ» չիրականացնի՝ հօգուտ ընդդիմության վճիռ կայացնելով։ Այդ դեպքում դեռ կռիվ տվող կլինի։
Սա փոխաբերություն չէ. սա Փաշինյանի իրական բառապաշարն է, որը, կարծես, քաղված է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության պատմության դասագրքից։ Նա իր իշխանությունը անվանում է հեղափոխություն, իր հակառակորդները հակահեղափոխություն են, որը պետք է կանգնեցվի ամեն գնով։
Կովկասյան տաք լեչոն նույնը չէ, ինչ մոլդովական ճլորած սամիթը։ Մոլդովայում ևս Արևմուտքը հակառուսական կառավարությանը աջակցեց ամեն ինչում։ Սակայն այնտեղ կոշտ ավտորիտարիզմ չի ծաղկում. Մայա Սանդուին և նրա թիմին չեն բավականացնում անհրաժեշտ լիազորությունները։ Այլ է փաշինյանական Հայաստանի դեպքում։
Բայց ընդդիմության նկատմամբ լայնածավալ ճնշումները, ընտրությունների խիստ կասկածելի արդյունքները և ռեժիմի ղեկավարի կողմից զանգվածային զտումների սպառնալիքները բռնապետության գռեհիկ նշաններ են՝ ըստ բոլոր տեսակի դասագրքերի, որտեղ էլ որ դրանք հրատարակվեն՝ Սորոսի թե «Պրոսվեշչենիե» հրատարակչության կողմից։ Սա օբյեկտիվ տեսանկյունից նշանակում է, որ Հայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության, և Հայաստանի ու Փաշինյանի հետ ցանկացած ապագա հարաբերություն պետք է կառուցվի այդ հիմքի վրա։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում