Ամերիկացի ազդեցիկ տնտեսագետ Ալան Գրինսփենը, որը 18 տարի ղեկավարել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, այսօր մահացել է Պարկինսոնի հիվանդության բարդություններից: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով նրա այրուն։ Գրինսփենը 100 տարեկան էր:
Նա զբաղեցրել է Դաշնային պահուստային համակարգի նախագահի պաշտոնը ԱՄՆ չորս նախագահների օրոք՝ հինգ անընդմեջ ժամկետով՝ 1987 թվականից մինչև 2006 թվականի սկիզբը։ Այդ տարիներին երկրում արձանագրվել են տնտեսության և ֆոնդային շուկայի արագ աճ՝ ցածր գործազրկության պայմաններում։ Bloomberg-ի հիշեցմամբ՝ այդ ժամանակահատվածում S&P 500 ֆոնդային ինդեքսն աճել է գրեթե չորս անգամ, ԱՄՆ ՀՆԱ-ի միջին աճի տեմպը կազմել է 3.5%, իսկ գործազրկության միջին մակարդակը՝ 5.5%։
Գրինսփենի պաշտոնավարման վերջին տարիներին ԱՄՆ տնտեսությունում սկսել էին կուտակվել անհավասարակշռություններ, և արդեն 2007 թվականի կեսերին ի հայտ եկան լուրջ խնդիրներ, որոնք հետագայում հանգեցրին ծանր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի։
Գրինսփենի պաշտոնավարման ժամկետը ԴՊՀ-ի ղեկավարի պաշտոնում ԱՄՆ կենտրոնական բանկի պատմության մեջ երկրորդ ամենաերկարն էր։ Նրանից ավելի երկար՝ 19 տարի, այդ պաշտոնը զբաղեցրել է միայն Ուիլյամ ՄաքՉեսնի Մարտին կրտսերը՝ ղեկավարելով 1951-1970 թվականներին։