ԱԱԾ-ում քննարկվել են անհետ կորած անձանց վերաբերյալ նոր օրենքի կիրարկման հարցերը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստն է կայացել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ–ից։

ԱԱԾ տնօրեն, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Սիմոնյանը ներկայացրել է նախորդ հանդիպման ընթացքում արձանագրված հիմնական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։

«Անդրադարձ է կատարվել 2026 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը անհայտ կորած անձանց հարցերի համակարգային կարգավորման տեսանկյունից, ինչպես նաև օրենքի կիրարկմանն ուղղված կազմակերպչական միջոցառումներին»,– ասված է հաղորդագրությունում։

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ նոր օրենսդրական փոփոխությունները խիստ էական են այս զգայուն ոլորտում առկա խնդիրները լուծելու համար։ Աշխատանքային հանդիպման ընթացքում, ըստ ԱԱԾ–ի, անդրադարձ է կատարվել նաև տարբեր պետական մարմինների և շահագրգիռ կառույցների միջև օպերատիվ աշխատանքների համակարգման հետ կապված հարցերին:

Քննարկումների արդյունքում տրվել են հանձնարարականներ, և հստակեցվել են հետագա աշխատանքների հիմնական ուղղությունները։

Հանձնաժողովի նախորդ նիստը կայացել էր 2025 թվականի դեկտեմբերին։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի` անազատության մեջ գտնվող քաղաքացիների հարցը քննարկվել է Դիլիջանում՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ընթացքում։

Sputnik Արմենիա

Leave a comment