Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշման հետ կապված իր դժգոհության պատճառով։
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ը, ընդգծվել է, որ տվյալ որոշումն անարդար է, կողմնակալ և հակասում է միջազգային իրավունքի դրույթներին։
Մտահոգություն է արտահայտվել այն առնչությամբ, թե որոշման մեջ, իբր, օգտագործվել է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակասող տերմինաբանություն։
Ադրբեջանը մերժում է դատարանի այս որոշումը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն խիստ դժգոհություն է հայտնել այն փաստից, որ ՄԻԵԴ-ի որոշման մեջ հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները, Պաշտպանության բանակը, գլխավոր դատախազը և օմբուդսմենը։
Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան քառօրյա պատերազմին առնչվող գործերով առաջին վճիռը։
ՄԻԵԴ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ի թիվս այլնի՝ Եվրոպական դատարանն արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը (գլխատում և մարմնի պղծում)։
Ադրբեջանը, ըստ վճռի, պարտավորվում է 90 հազար եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։