Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկվում են Սահմանադրական դատարանում։ «Հայաստան» դաշինքը ևս վեց քաղաքական ուժերի հետ դիմել է բարձր դատարան՝ պահանջելով չեղարկել քվեարկության արդյունքները։ Այդուհանդերձ՝ ինչո՞ւ դիմել մի կառույցի, որի նկատմամբ ընդդիմությունը բազմիցս թերահավատություն է հայտնել, և ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել ընդդիմությունը ՍԴ որոշման հրապարակումից հետո։ Factor TV-ի հետ զրույցում այս և այլ հարցերի շուրջ իր դիտարկումներն է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Պատգամավորի խոսքով՝ թեև ՍԴ-ի նկատմամբ կա որոշակի թերահավատություն, որը պայմանավորված է դատավորների նշանակման հանգամանքներով, այնուամենայնիվ, դիմելը եղել է անհրաժեշտ քայլ՝ հանրությանը ներկայացնելու ընտրախախտումների ողջ ծավալը։
«Երբ որ ասում եք, որ որոշակի թերահավատություն կա մեր խոսքում, ես դա կարծում եմ՝ ոչ այնքան սուբյեկտիվ է, որքան օբյեկտիվ է, հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանի անդամներ են, օրինակ, Վլադիմիր Վարդանյանը, որը մինչև վերջերս ՔՊ խմբակցության կարկառուն ներկայացուցիչ էր, և հետևաբար ասել, որ մի քանի ամսում կատեգորիկ այսպես նեյտրալ մարդ է դարձել, դա այդքան էլ ճշմարտություն չի, չէ՞։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանն իսկապես դարձել է ոչ այնքան անկախ կառույց, ինչպիսին ենթադրվում է, որ ինստիտուցիոնալ առումով պետք է լինի։ Բայց քանի որ ինքն ամեն դեպքում մեր երկրում բարձր դատարան է, մինչև վերջ հույսներս չենք կորցնում, որ բարձր դատարանը կարող է գտնվել իր բարձրության վրա, և առնվազն այն դեպքերի առիթով, որոնք ուղղակի ակնհայտ են, բոլորի համար ակնհայտ են, նույնիսկ ՔՊ ընտրողի համար այդ իրողություններն ակնհայտ փաստեր են։ Նույն «Բարգավաճ Հայաստան»-ին ուղղակի այսպես կոպիտ ձևով դուրս մղելը և մոտ 60 հազար մարդու ձայնը ոտքի տակ տալը, սրանք ուղղակի փաստեր են, որոնք չեն կարող անտեսվել»,- նշեց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ ՍԴ դիմելը նաև հնարավորություն է՝ բաց և հրապարակային նիստերի ընթացքում ցույց տալու «կեղծարարությունների և ընտրակեղծիքների ողջ ծավալը»։
Անդրադառնալով հնարավոր փողոցային պայքարին՝ Աննա Գրիգորյանը հաստատեց, որ քննարկումներ ընթանում են, և այդ գործընթացը կարող է զուգահեռ ընթանալ ՍԴ նիստերին։ «Կարծում եմ՝ դա տրամաբանական կլինի։ Այս պահին քննարկվում են դրա հնարավոր դրսևորման տարբերակները։ Իսկ հանրային ճնշման տեսանկյունից՝ Սահմանադրական դատարանի և որևէ դատարանի վրա ճնշում գործադրել չի կարելի, ինչպես դա ժամանակին արել և շարունակում է անել Նիկոլ Փաշինյանը, բայց ընդհանուր առմամբ ցույց տալ հանրային տրամադրությունները, որ իսկապես եղել են խնդիրներ»։
Դիտարկմանը, թե հանրությունը փողոց դուրս չի գալիս, քանի որ գուցե ինչ-որ չափով բավարարված է արդյունքներով, պատգամավորը չհամաձայնեց՝ շեշտելով, որ ընդդիմության նպատակն իշխանափոխությունն էր, իսկ քաղաքացիների մի ստվար զանգված քվեարկել է վախի մթնոլորտում։
«Մարդ, որ ուղղակի տեռորով սպառնում է ժողովրդին, որ եթե ես չստանամ սահմանադրական մեծամասնություն, ապա կլինի ավելիչ պատերազմ, հիմա այդ բոլոր հարցերի պատասխանը տալու ժամանակն է նաև։ Ես վստահ եմ, որ շատ մարդիկ հենց այդ պատերազմի, հնարավոր պատերազմի սպառնալիքի ֆոնի վրա են կատարել այդ ընտրությունը։ Հիմա ինքն ասում է՝ ի՞նչ պատերազմ, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Բա ո՞նց է հնարավոր։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան պատերազմների միջով է անցել մեր ժողովուրդը, ինչ կորուստներ է ունեցել, Եռաբլուր ունեցող ժողովրդին կարելի՞ է պատերազմով սպառնալ։ Սա ուղղակի խայտառակություն է»։
Ինչ վերաբերում է մանդատները վերցնել-չվերցնելու հարցին, Աննա Գրիգորյանը նշեց, որ դա բարդ որոշում է, որը պետք է կայացվի մյուս ընդդիմադիր ուժերի հետ համատեղ։ Նա նաև հաստատեց, որ ընդդիմադիր ուժերը քննարկում են հետընտրական շրջանում համատեղ ճակատով հանդես գալու հարցը, որի օրակարգում լինելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են իրենց բնորոշմամբ՝ քաղբանտարկյալների թեման, միջազգային կառույցների հետ աշխատանքը և սպասվող սահմանադրական փոփոխությունների գործընթացին հակազդելը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան