Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը արտահերթ ուղիղ եթերով հանդես եկավ ֆեյսբուքյան հարթակում։ Այս անգամ թեման Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանն էր։
«Երեկ երեկոյան ուշ ժամից մինչ այսօր տարբեր սոցիալական հարթակներում տարածվում է մի լուսանկար, որը գեներացված է արհեստական բանականության միջոցով։ Դրա տարածման սկզբնաղբյուրը ադրբեջանական «Խանքենդիլար» կոչվող ֆեյսբուքյան հարթակներից մեկն է, որտեղ տեղադրվել է արհեստական բանականությամբ գեներացված այդ լուսանկարը, որտեղ երևում է, իբր թե ծանր շինարարական տեխնիկայի կիրառմամբ ոչնչացվում է Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը։ Ցավոք սրտի, այդ կեղծ գեներացված լուսանկարը ադրբեջանական սոցիալական ցանցերի տիրույթում հայտնվելուց անմիջապես հետո շատ արագ կերպով սկսեց տարածվել նաև հայկական տարբեր սոցիալական ցանցերում ու հարթակներում, և մեր հայրենակիցներն էլ են այն ակտիվորեն տարածում։ Այդ առումով հորդորս է մեր հայրենակիցներին՝ չտրվել նման ապատեղեկատվության։ Սա հոգեբանական ահաբեկչության մեխանիզմ է՝ ուղղված մեր դեմ՝ հաշվի առնելով հուշարձանի կարևորությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզանից յուրաքանչյուրի՝ թե՛ արցախահայության, և առհասարակ ցանկացած սթափ մտածող անձի ու Արցախ այցելած ցանկացած հյուրի համար «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողը առանձնակի նշանակություն ունի»,- նշեց Ավանեսովը։
Նա խնդրեց, հորդորեց և պահանջեց չտարածել այդ տեղեկատվությունը. «Ցավոք սրտի, սոցիալական ցանցերում հայտնվել են այնպիսի խմբեր ու էջեր, որոնք իրենց համար «լայքեր», հավանություններ հավաքելը և դիտումների քանակն ավելացնելը ավելի կարևոր են դիտարկում, քան մարդկանց հոգեբանական իրավիճակը հաշվի առնելը։ Ես պահանջում եմ այդ խմբերի ադմիններից, ովքեր նման մոտեցումներով հրապարակել են այս լուսանկարը, անհապաղ հեռացնել այն։ Ձեր էջերի ու հարթակների ակտիվությունն այլ միջոցներով, այլ ձևերով զարգացրեք. այլ՝ ավելի օգտակար մեխանիզմներ կան։ Հեռո՛ւ մնացեք մեր հայրենակիցների վրա նման նյութերով հոգեբանական ազդեցություն գործելուց։ Առանց այն էլ այս աշխարհաքաղաքական իրավիճակների համատեքստում, առանց այն էլ հատկապես բռնի տեղահանված արցախահայության համար, երբ ամեն ինչ թողել ու բռնի տեղահանվել են, առավել ցավալի և առավել զգայուն են նման թեմաները։ Այս մեր հայրենակիցների հաշվին ձեր լսարանը մի՛ ակտիվացրեք և մի՛ դարձեք նման նյութեր տարածող և գեներացնող հարթակներ։ Սա շատ կարևոր հանգամանք է, որպեսզի նման նյութերի նկատմամբ շատ հստակ մոտեցում լինի։
Այն, որ Ադրբեջանը մտադրություն ունի այդ հուշարձանը և Արցախում ամբողջ հայկական ժառանգությունը քանդելու, ոչնչացնելու ու հողին հավասարեցնելու, դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց մի՛ տարածեք չստուգված տեղեկատվություն։ Արցախի մշակութային ժառանգության հետ կապված դեպքերի, փաստերի արձանագրմամբ զբաղվող մասնագիտական կազմակերպություններ և հարթակներ կան»։
Ավանեսովը հորդորեց հետևել միայն մասնագիտական հարթակներին եւ ստուգված աղբյուրներին, որոնց թվում են՝ Monument Watch անկախ ակադեմիական հարթակը, Կովկասյան ժառանգության մշտադիտարկում իրականացնող հարթակը (Caucasus Heritage Watch), Գյումրիում գործող Քանդակագործների ազգային պարկ-թանգարանը, Արցախի մշակույթի և տուրիզմի զարգացման գործակալությունը,Արցախի մշակույթի նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջը, «Արցախմոնումենտս» ֆեյսբուքյան հարթակը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը (RAA)։
Նա ցավով փաստեց, որ մեծ թիվ են կազմում ֆեյսբուքյան այն հարթակները, որտեղ կեղծ լուսանկարները մինչև հիմա տարածվում են՝ հարթակների տեսանելիությունն ու հավանումների քանակն ավելացնելու նպատակով, ուստի ևս մեկ անգամ պաշտոնապես պահանջեց հեռացրել այդ գրությունները. «Մի՛ դարձեք Ադրբեջանի հոգեբանական-ահաբեկչական քաղաքականության հերթական գործիքներից մեկը։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Եղե՛ք զգոն և հետևեք միմիայն ստուգված տեղեկատվությանը, այն հարթակներին, որոնց մասին մենք հրապարակեցինք»։
Մանրամասն՝ տեսանյութում
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: