Վահագն Հովակիմյանը կրիչը չէր ուղարկել Վարչական դատարան. Դավիթ Ղազինյանի հայցի քննությունը դռնփակ է անցկացվում

Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի հայցը՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։

Դավիթ Ղազինյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի որոշումները, որոնցով բավարարվել են դատախազության միջնորդությունները, եւ ԿԸՀ-ն համաձայնություն է տվել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցել ու զրկել ազատությունից:

Դատարանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից որպես ապացույց պահանջել էր հունիսի 17-ի թիվ 260-Ա և թիվ 261-Ա որոշումների կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը ողջ ծավալով, ինչպես նաև ԿԸՀ-ի՝ նույն օրվա արտահերթ նիստի ձայնագրությունները։

Պահանջված ապացույցները ԿԸՀ-ն Վարչական դատարան պետք է ներկայացնի անհապաղ, այն պահից, երբ ստանա դատարանի որոշման օրինակը:

Դատավոր Լիլիթ Սադոյանի այսօրվա նիստի սկզբում ասաց, որ դատարան ուղարկված վարչական վարույթի նյութերի ծրարը բացել են ու տեսել, որ ձայնագրությունների կրիչը բացակայում է։ Նա նշեց, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին տեղեկացրել են, որ վարչական վարույթի նյութերում կրիչը չկա։ «Դեռեւս ոչ մի պատասխան չունենք»,- ասաց դատավորը։

Այնուհետեւ դատավորը ասաց, որ քննարկման է դրվում այս գործով նիստը դռնփակ անցկացնելու հարցը։

«Հաշվի առնելով, որ սա գաղտնի ռեժիմով է ներկայացված, եւ եթե մենք որոշել ենք ապացույցների հետազոտման փուլում մանրամասն ու ըստ ձայնագրությունների քննել գործը, հիմա կքննարկենք այս գործը գաղտնի ռեժիմով քննության առնելու հարցը»,- նշեց դատավորը։

Դատարանը որոշեց նիստը դռնփակ անցկացնել։ Մինչ դռնփակ ռեժիմի վերաբերյալ որոշման ընդունումը Դավիթ Ղազինյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Վարդեւանյանն ասաց, որ իրենք առարկություն չունեն, որ նիստը լուսաբանվի լրատվամիջոցների կողմից։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment