ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները հունիսի 18-ին «Աբովյանի դրամատիկական թատրոն» մշակութային հաստատությունում անցկացրել են «թատրոնի շենքում բռնկված հրդեհի դեպքում հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Ուսումնավարժության նպատակը օժանդակել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը և կատարելագործել հրդեհների ժամանակ ուժերի ու միջոցների ղեկավարման ունակությունները ինչպես նաև ստուգել և կատարելագործել փոխհամագործակցությունը Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի և «Աբովյանի դրամատիկական թատրոն» մշակութային հաստատության անձնակազմերի միջև։
Ուսումնավարժության սցենարի համաձայն՝ թատրոնի շենքում պայմանական հրդեհ էր բռնկվել։ Ահազանգի ստացումից հետո դեպքի վայր են մեկնել Աբովյանի հրշեջ- փրկարարական ջոկատի ուժերն ու միջոցները։ Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, հաստատության անձնակազմի կողմից իրականացվել էին մարդկանց տարհանումը և հրդեհաշիջման սկզբնական միջոցներով պայմանական հրդեհի մարման աշխատանքներ։
Իրավիճակը գնահատելուց հետո իրականացվել է մարտական բացազատում, կազմավորվել է գազածխապաշտպան օղակ, կազմակերպվել են հրդեհաշիջման, ինչպես նաև շենքում պայմանականորեն մնացած անձանց որոնման, տարհանման և առաջին օգնության ցուցաբերման աշխատանքներ։
Ուսումնավարժության ընթացքում ստուգվել են անձնակազմերի համագործակցության արդյունավետությունը, ուժերի և միջոցների կառավարման հմտությունները, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ և համակարգված գործելու կարողությունները։
Ամփոփման ընթացքում նշվել է, որ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմը ցուցաբերել է բավարար պատրաստվածություն, մասնագիտական բարձր հմտություններ և առաջադրված խնդիրների արդյունավետ կատարման կարողություն։ Քննարկվել են նաև ուսումնավարժության ընթացքում արձանագրված առանձին թերությունները, տրվել համապատասխան ցուցումներ՝ դրանք վերացնելու և մասնագիտական կարողություններն առավել կատարելագործելու նպատակով։
Փրկարար ծառայության կողմից պարբերաբար կազմակերպվող նման միջոցառումները կարևոր դեր ունեն արտակարգ իրավիճակներում համակարգված ու արդյունավետ գործողությունների ապահովման, ինչպես նաև փրկարարների մասնագիտական հմտությունների շարունակական զարգացման գործում։
—00—ՍՊ