Քաղաքականություն
05.10.2026 | 15:39
Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության բանակը հայտարարել է, որ «հաջողությամբ վերահսկողություն է հաստատել» Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ և վերագրավել մոտակայքում գտնվող օդանավակայանը Թայիզ նահանգի ափամերձ Դուբաբ քաղաքում, գրում է Al Jazeera-ն։
X-ում հրապարակված մի շարք գրառումներում բրիգադի գեներալ Մաջիդ ալ-Նուզաիլին հայտնել է, որ Եմենի կառավարական ուժերը վերահսկողության տակ են վերցրել օդանավակայանը և ամրապնդել իրենց վերահսկողությունը տարածքում։ Նրա խոսքով՝ շրջափակման մեջ հայտնված հութիների որոշ զինյալներ նավակներով փախուստի են դիմել։
Ավելի վաղ Եմենի կառավարական ուժերը հայտարարել էին, որ «վճռական ռազմական գործողության» ընթացքում հութիներից գրավել են Դուբաբի շրջանը։ Ռազմական գործողությունը շարունակվում է, հայտնել է գեներալը։
Երկրի Նախագահական ղեկավարության խորհրդի նախագահը հայտարարել է, որ «Եմենի լուսաբաց» ռազմական գործողությունը սկսվել է՝ «պետական կառույցները վերականգնելու, մայրաքաղաք Սանան ազատագրելու և հութիների զինված խմբավորման հեղաշրջմանը վերջ տալու» նպատակով։
«Աստծո օգնությամբ, մեր ժողովրդի կամքով, զինված ուժերի և բոլոր ռազմական կազմավորումների խիզախությամբ, ինչպես նաև մեր եղբայրների և բարեկամների աջակցությամբ՝ Եմենը կշարժվի դեպի ազատության, խաղաղության և կայունության նոր լուսաբաց»,- գրել է Ռաշադ ալ-Ալիմին։
Իրանի աջակցությունը վայելող հութիների զինված խմբավորումը 2014 թվականին ուժով գրավել է Սանան և հետագայում ստեղծել սեփական կառավարությունը։ Նրանք վերահսկում են նաև Եմենի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներն ու անցած ամիս ռազմավարական տարածքներ են գրավել Կարմիր ծովի ափին։
Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող ալ-Ալիմին կիրակի հայտարարել էր հութիների վերահսկողության տակ գտնվող ամբողջ տարածքը վերագրավելու ռազմական գործողության մեկնարկի մասին։ Ալ-Ալիմիի խոսքով՝ կառավարական ուժերը կշարունակեն հարձակումը «մինչև երկիրը չազատագրվի ահաբեկչական զինյալների իշխանությունից»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի