«Նոր ուժ» կուսակցությունը չի միանա միասնական ընդդիմության ձևավորմանը

«Նոր ուժ» կուսակցությունը ևս դիմեց Սահմանադրական դատարան և նույնպես պահանջում է չեղյալ համարել ընտրությունների արդյունքները։

Այս քաղաքական ուժի պատգամավորության թեկնածու, նախընտրական ցուցակի 2-րդ համար Հակոբ Կարապետյանը, դիմումը մուտքագրելուց հետո, ՍԴ շենքի առջև լրատվամիջոցների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե ՍԴ-ից ի՞նչ ակնկալիքներ ունեն՝ հաշվի առնելով, որ այնտեղ հիմնականում այն կադրերն են, որոնք նշանակվել են Փաշինյանի իշխանության ձեռքով, ասաց, որ ՍԴ դատավորների կազմն անգիր չգիտի։ Գիտի, որ առնվազն մեկ-երկու հոգի նշանակվել են Փաշինյանի կառավարման տարիներին, և նրանցից առնվազն մեկը Փաշինյանի կուսակցական գործընկերն է եղել։

«Համենայն դեպս, կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը կոլեգիալ մարմին է, բարձրագույն դատական մարմինն է։ Եվ ակնկալում ենք, որ արդարացի, օրենքի տառին և ոգուն համապատասխանող որոշում կկայացնի։ Մենք քիչ առաջ մուտք արեցինք մեր դիմումը և նույնպես պահանջում ենք՝ չեղյալ համարել ընտրությունների արդյունքները, քանի որ մի շարք դրվագներով ընտրության արդյունքների օրինականության հետ կապված մեզ մոտ խորը մտահոգություններ և կասկածներ կան դրա արդյունքում ձևավորված իշխանության լեգիտիմության վերաբերյալ։

Խոսքը վարչական ռեսուրսի համատարած կիրառման, հանրային ռեսուրսների, այդ թվում՝ հանրային լրատվամիջոցների, հատկապես հեռուստատեսության եթերի ոչ հավասարաչափ բաշխման մասին է։ Ընտրակաշառքների վերաբերյալ պարբերաբար և անընդհատ հնչող հայտարարություններն են, որոնք, մեր կարծիքով, պետք է կոնկրետ գնահատական ստանային։

Բայց էլի կարծում ենք, որ դրանք քաղաքականապես մոտիվացված գնահատականներ են ստացել։ Եվ, ի վերջո, ԿԸՀ-ի կողմից երեք հայտնի ընտրատեղամասերում հունիսի 14-ին վերաքվեարկություն նշանակելուց հրաժարվելու որոշումը։ Մենք կարծում ենք՝ մի քանի հազար ընտրողների կամքն անտեսելը չի բխում օրինականությունից և սահմանադրականությունից։ Հույս ունենք, որ դատարանը արդարացի որոշում կկայացնի»,- ասաց նա։

Անդրադառնալով իր նշած վերջին դրվագի մասով Փաշինյանի հայտարարությանը, թե այդ համապատկերում իրավիճակը չէր փոխվելու, որովհետև մնացած ընտրատեղամասերի հաշվարկներից պարզ էր, թե ինչպես են բաշխվելու քվեները, Հակոբ Կարապետյանն ասաց. «Մենք տեղյակ ենք, որ Փաշինյանը հավակնում է լինել երկրի գլխավոր թատերական մեկնաբանը, գլխավոր սաղմոսերգուն, հոգևորականը, տնտեսագետը, դիվանագետը։ Բայց մենք համաձայն չենք, չենք պատրաստվում հաշտվել այդ բոլոր ոլորտների ուզուրպացիայի հետ։ Առավել ևս համաձայն չենք այն մտքի հետ, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է դատական իշխանությունը՝ ի դեմս ՍԴ-ի»։

Հակոբ Կարապետյանը նաև, ըստ էության, տեղեկացրեց, որ իրենց քաղաքական ուժը չի միանալու Սամվել Կարապետյանի՝ միասնական ընդդիմություն ձևավորելու առաջարկին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment