Կոմունիստական ոճով հեընտրական հավաք են անցկացնելու
Հայաստանի Ժողովրդական կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Արթուր Ֆարմանյանը մտադիր է հավաք անցկացնել։ Նա իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան հունիսի 20-ին՝ ժամը 18.00-20.00-ին, Երեւան քաղաքի մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ՝ Ավետիք Իսահակյանի արձանին հարող տարածքում հավաք անցկացնելու վերաբերյալ։
Այն քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն։ «Չենք ընդունում ընտրությունների արդյունքները եւ հետընտրական միտինգ ենք հրավիրել»,- «Ա1+»- ին ասաց Հայաստանի Ժողովրդական կոմունիստական կուսակցության նախագահ Արթուր Ֆարմանյանը։
2024 թ-ին գրանցված կուսակցության նախագահը նշեց, որ իրենք քաղաքական դաշտում միակ ընդդիմադիր ուժն էին, որ որոշել էին բոյկոտել ընտրությունները եւ չմասնակցել այդ գործընթացին։
Վերջինս չգիտի, թե որքան մարդ կմասնակցի հավաքին։ Բայց հավաքի ժամանակ, իր խոսքերով, առանց վիրավորանքի, կոմունիստական ոճով կիսվելու է ժողովրդի հետ, իր կարծիքն է հայտնելու գողացված ձայների, ինչպես նաեւ այդքան քննարկվող ընտրակաշառքի մասին։ Նրա խոսքերով՝ միայն ընտրակաշառք տվողն է ներկայացվում, իսկ վերցնողի մասին խոսք չկա․ «Հերիք է ծախվածի տեղ դնել ժողովրդին»,- ավելացրեց Արթուր Ֆարմանյանը։