Այսօր կայացան երկու կարևոր իրադարձություններ, որոնք անմիջականորեն կապված են Հայաստանի ավիացիոն ոլորտում մեր երկարաժամկետ տեսլականի հետ։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ Airbus A321 օդանավի դիմավորման խորհրդանշական արարողությունը, որն ուղեկցվեց ավիացիոն գեղեցիկ շքերթով։ Օդանավային պարկի այս համալրումը, որի մասին արդեն առիթ ունեցել ենք հայտարարելու, ևս մեկ քայլ է Flyone Armenia-ի կարողությունների ընդլայնման ճանապարհին՝ ավիաընկերության սեփական օդանավերի թիվը հասցնելով 11-ի։ Հատկանշական է, որ վերջին երկու տարում Հայաստանի ավիացիոն ոլորտում ընկերության իրականացրած ներդրումների ծավալը կազմել է շուրջ 300 միլիոն ԱՄՆ դոլար։
Օրվա մյուս հիմնարար իրադարձությունը «SIL TECH» ընկերության տեխնիկական սպասարկման կենտրոնի բացումն էր։
FLYONE ARMENIA-ի նախաձեռնությամբ՝ Bird Aviation ընկերության հետ համատեղ ստեղծված «SIL TECH»-ը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մատուցելու է օդանավերի տեխնիկական սպասարկման ծառայություններ։ Սա կարևոր քայլ է ոչ միայն FLYONE ARMENIA-ի, այլև Հայաստանի ամբողջ ավիացիոն էկոհամակարգի համար։
Ավիացիան ամբողջական համակարգ է, որի հիմքում անվտանգությունն է, տեխնիկական կարողությունը, մասնագիտական գիտելիքը, որակի վերահսկումը և միջազգային չափանիշներին համապատասխան աշխատանքային մշակույթը։
«SIL TECH»-ի ստեղծմամբ մենք Հայաստան ենք բերում ավիացիոն տեխնիկական սպասարկման եվրոպական փորձ և չափանիշներ։ Սա հնարավորություն է տալու տեղում մատուցել բարձրակարգ տեխնիկական ծառայություններ, որոնցից օգտվելու են ոչ միայն հայկական ավիափոխադրողները, այլև այն միջազգային ավիաընկերությունները, որոնք թռիչքներ են իրականացնում Հայաստանից։
Մեզ համար սա հատկապես կարևոր է, որովհետև Հայաստանում նման տեխնիկական կարողության ձևավորումը ստեղծում է ավիացիոն արժեքային շղթայի նոր և անհրաժեշտ օղակ։ Այն նպաստելու է տեղական ինժեներների և տեխնիկական մասնագետների պատրաստմանը, մասնագիտական գիտելիքի կուտակմանը, օդանավերի շահագործման արդյունավետության բարձրացմանը և Հայաստանի ավիացիոն ենթակառուցվածքների ամրապնդմանը։
Վստահ եմ, որ նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն նաև Հայաստանի ավիացիոն համակարգի միջազգային հեղինակության բարձրացման և եվրոպական անվտանգության ու տեխնիկական պահանջներին համապատասխանության ամրապնդման տեսանկյունից։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչներին Davit Khudatyan, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia, ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ղեկավարությանը Zvartnots International Airport, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, FLYONE ARMENIA-ի, «SIL TECH»-ի և Bird Aviation-ի թիմերին, ինչպես նաև բոլոր գործընկերներին, ովքեր իրենց աշխատանքով և վստահությամբ մասնակից են այս արդյունքին։
Մենք շարունակելու ենք ներդնել, զարգացնել և ստեղծել երկարաժամկետ կարողություններ Հայաստանի ավիացիոն ոլորտի համար։
Էդուարդ Սուքիասյան