Վարորդական իրավունքից զրկվածները վարելու իրավունք կստանան 50 հազար դրամով. ԱԺ-ն ընդունեց

Ազգային ժողովն այսօր հաստատեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկված վարորդների աջակցության նախագիծը։ Խորհրդարանականները «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ընդունեցին 65 կողմ ձայներով։ Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկային, քանի որ միայն իշխանական ՔՊ–ն էր ներկա նիստին։

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ առաջին անգամ այն վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։

Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական` 13 միավոր։ Եվս մեկ տարի զրկվելու դեպքում, վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն` առանց քննության:

Հիշեցնենք նաև` ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 16-ին ԱԺ–ում հայտնեց, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից նախորդ տարի զրկվել է 5435 անձ, որոնց 90,1 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում։

Մայիսի 16-ին Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ առաջարկ արեց իրեն մոտեցած վարորդներին, որոնք խմածության հետևանքով զրկվել են վարելու իրավունքից` քննություն չեն հանձնի այդ իրավունքը վերականգնելու համար, բայց ավելի քիչ բալեր կունենան։

Sputnik Արմենիա

Leave a comment