Զախարովա․ ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին բողոքի նոտա է հղել Գյումրու հուշարձանի պղծումից հետո

Ռուսական կողմի համար տարակուսելի է, որ ՀՀ իշխանությունը չի արձագանքում Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանը պղծելու փաստին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը կամ անձինք քաղաքի խորհրդանիշ համարվող «Մայր Հայաստան» հուշահամալիրում պոկել են հերոս–քաղաքների անվանումների ոսկեգույն տառեր, որոնք ավելի ուշ հայտնաբերվել են աղբամանում։ Հունիսի 14-ին ՆԳՆ–ն հայտնեց, որ հուշարձանների ոսկեգույն տառերը պոկած 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։

«Տարակուսելի է այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները հուշարձանի պղծումը վճռականորեն դատապարտելու, գոնե հստակ դիրքորոշում հայտնելու փոխարեն որոշել են լռել։ Դա դառնում է ավանդույթ», – հայտարարել է Զախարովան։

Նա օրինակ է բերել Վլադիմիր Զելենսկու` Երևանում հնչեցրած հայտարարությունները, որոնց չի հետևել Հայաստանի իշխանությունների արձագանքը։

Զախարովան նշել է, որ թողտվությունն ու սանձարձակ հակառուսական արշավը, որով ուղեկցվում էին Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, պարարտ հող են ստեղծել նման բարբարոսական արարքների համար: Ավելին` որոշ տեղեկատվական ռեսուրսներ փորձել են միջադեպը ներկայացնել որպես ռուսական կողմի սադրանք։

Զախարովայի խոսքով` փորձը ցույց է տալիս, որ նախնիների հիշատակի նկատմամբ անարգանքը և հուշարձանների դեմ պայքարը ԵՄ-ի հետ մերձեցման անբաժանելի մասն են, իսկ երբեմն՝ նույնիսկ նախապայման։

«Սա սրբապղծություն է, ոչ թե պարզապես խուլիգանության ակտ, այլ մեր երկրների համար ընդհանուր պատմական հիշողության վրա նպատակաուղղված հարձակում և Մեծ հաղթանակի նկատմամբ անարգանքի փորձ», – հայտարարել է Զախարովան:

Նա տեղեկացրել է, որ ռուսական կողմը բողոքի նոտա է հղել Հայաստանին։ Բացի այդ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն օպերատիվորեն միացել են հուշահամալիրի վերականգնմանը, իսկ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը համապատասխան գնահատական է տվել տեղի ունեցածին:

Զախարովան նաև նշել է, որ ռուսական կողմը ծանոթացել է միջադեպի ենթադրյալ մեղավորի ձերբակալման մասին հաղորդագրություններին և հույս ունի, որ արդարությունը կհաղթանակի:

Sputnik Արմենիա

Leave a comment