Մինչև 100 հազար դրամի աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին․ մանրամասներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առաջարկում ենք աջակցություն տրամադրել այն գործատուներին՝ բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող մարմինների, այսինքն՝ պետական մարմինների, որոնք առնվազն 3-6 ամսով աշխատանքային պայմանագրեր կկնքեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց հետ, ընդ որում՝ կարող են կնքվել նաև մասնակի աշխատաժամանակով պայմանագրեր, այսինքն՝ կես դրույքից կամ 1 դրույքից պակաս չափով պայմանագրեր: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունիսի 18-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:

«Առաջին երեք ամիսների համար առաջարկում ենք եկամտային հարկի փոխհատուցում 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամը: 4-6 ամիսների համար, այսինքն՝ երբ կշարունակվի և ավելի կայուն կդառնա այդ աշխատանքային հարաբերությունը՝ եկամտային հարկի 100 տոկոսի չափով, բայց 50 հազար դրամից ոչ ավելի, և եթե այդ աշխատանքային հարաբերություններն ավելի կայուն կլինեն, այսինքն՝ 1 տարին կլրանա, 1 տարվա ավարտին նաև 100 հազար դրամի չափով միանվագ աջակցություն կլինի գործատուին:

Ծրագիրն առաջարկում ենք սկսել 2027 թվականի հունվարի 1-ից, որովհետև նախապատրաստական աշխատանքներ պետք է իրականացնենք, այդ թվում՝ թվային հարթակների միջոցով»,- ասաց նա:

Ծրագիրն ունի պայմաններ, որոնք կկանխարգելեն չարաշահումները: Մի պայմանն այն է, որ տվյալ գործատուի մոտ, ում հետ պետք է պայմանագիրը կնքվի, այդ քաղաքացին վերջին 3 տարում պիտի աշխատած չլինի, և վերջին 3 ամսում ընդհանրապես պիտի աշխատած չլինի, որպեսզի արհեստականորեն պայմանագրերի խզում կամ վերակնքում չլինի այս ծրագրից օգտվելու նպատակով:

«Ընդհանրապես, այս երկու խումբ քաղաքացիները մեր այն քաղաքացիների թվում են, որոնց անհրաժեշտ են աջակցության և խրախուսման ծրագրեր ընդհանուր զբաղվածության համատեքստում:

Կարծում ենք, որ եթե հաջողվի այս ծրագիրն իրականացնել, մենք նաև այլ խմբերի քաղաքացիների համար կկարողանանք անել»,- ասաց նախարարը:

Leave a comment