Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) ամփոփել են Ձեռնարկատիրության ամառային դպրոցը, որն անցկացվում է արդեն երրորդ տարին։ Դրա նպատակն է ուսանողներին փոխանցել ձեռնարկատիրական հմտություններ եւ տեսական գիտելիքից բացի՝ ոգեշնչել ստեղծել ու զարգացնել սեփական նախածերը։
Ամառային դպրոցի փակման օրը Մեդիամաքսը զրուցել է դրա կազմակերպիչների, մասնակիցների եւ նրանց նախագծերը գնահատող ժյուրիի անդամների հետ։
«Սերմանել ձեռնարկատիրական հմտություններ, որոնք օգտակար կլինեն ողջ կյանքում»
Սալվա Նակուզի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր
Ձեռնարկատիրության ամառային դպրոցը կազմակերպում ենք արդեն երրորդ անգամ։ Այս տարի 70-ից ավելի մասնակից ունենք եւ 16 նախագիծ։ Ամառային դպրոցի ընթացքում ուսանողների հետ աշխատել են մի շարք բանախոսներ տարբեր ոլորտներից, որոնք իրենց մասնագիտական աշխատարանների ընթացքում կիսվել են փորձով, փոխանցել իրական կյանքում կիրառվող հմտություններ։
Ձեռնարկատիրության ամառային դպրոցը ՀՖՀՀ-ի համար շատ կարեւոր է, ոչ այն պատճառով, որ ցանկանում ենք բոլորին ձեռնարկատեր դարձնել (ժպտում է – հեղ․), այլ քանի որ փորձում ենք սերմանել ձեռնարկատիրական հմտություններ, որոնք հաստատ օգտակար կլինեն ողջ կյանքում, եթե անգամ հետագայում ուսանողներն աշխատեն որեւէ մասնավոր ընկերությունում կամ պետական կառույցում։ Բոլոր մասնակիցներին մաղթում եմ լավ ներկայացնել սեփական նախագծերը։ Եթե հետագայում դրանք հաջողեն, հրաշալի կլինի։
«Ոչ միայն նոր հմտություններ ձեռքբերման, այլեւ՝ մասնագիտական կապերի ձեւավորման արդյունավետ հարթակ»
Ասթինե Սայադյան, ՀՖՀՀ նախագծերի պատասխանատու
Այս տարի Ձեռնարկատիրության դպրոցը համախմբել է 70-ից ավելի մասնակիցների՝ ուսանողների, երիտասարդ մասնագետների եւ անհատ ձեռնարկատերերի։ Մասնակիցների թվում ոչ միայն ՀՖՀՀ, այլեւ Հայաստանի այն բուհերի ուսանողներ են, ինչպես նաեւ՝ տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերեր։
Ամառային դպրոցի նպատակն էր զարգացնել մասնակիցների ձեռնարկատիրական մտածողությունը, տրամադրել գործնական գիտելիք եւ հմտություններ, որոնք անհրաժեշտ են նորարար գաղափարների ստեղծման, բիզնեսների զարգացման եւ մրցունակ ստարտափների ձեւավորման համար։
Հունիսի 1-12-ն անցկացված երկշաբաթյա ծրագիրը ներառում էր 7 սեմինար եւ 10 աշխատարան։ Սեմինարների շրջանակում քննարկվել են «Ձեռնարկատիրական մտածողություն», «Բրենդինգից մինչեւ իրական վաճառք․ LinkedIn-ը որպես ստարտափի աճի շարժիչ», «Data-Driven Startup. Շուկայի ուսումնասիրություն եւ հիմնավորված որոշումների կայացում», «Բանակցությունները վաճառքում», «Իրավունքը՝ ստարտափերի համար», «Պատասխանատու կառավարում եւ կայուն զարգացում», «Բիզնեսի ավտոմատացում եւ AI գործիքներ» թեմաները։
Աշխատարանների ընթացքում մասնակիցները գործնական ձեւաչափով աշխատել են «Networking», «Դիզայն եւ ստեղծարար մտածողություն», «Value Proposition Canvas: Designing Value That Sells Itself», «Performance Marketing 101. Ի՞նչ է իրականում միլիարդավոր դոլարների ոլորտը», «Ֆինանսական հիմունքներ», «Business Model Canvas: Turning Ideas into Viable Businesses», «Grow the Whole Self, Not Just the Career», «Քեյսերի լուծում», «Փիթչինգին նախապատրաստում» եւ «Թիմային մշակույթ» թեմաների շուրջ։
Ծրագրի հաջող իրականացմանը նպաստել է շուրջ 20 փորձառու խոսնակ ու ոլորտային մասնագետ: Նրանք ներկայացրել են բիզնեսի, տեխնոլոգիաների, մարքեթինգի, ֆինանսների, մարդկային ռեսուրսների, կայուն զարգացման եւ նորարարությունների ոլորտները։
Մասնակիցների ներգրավվածությունը ծրագրի ամբողջ ընթացքում բարձր էր, իսկ ձեւավորված թիմերն աշխատել են սեփական բիզնես գաղափարների զարգացման ուղղությամբ։ Այսօր, ամառային դպրոցի ամփոփման օրը, ներկայացվելու է 16 նախագիծ տարբեր ոլորտներից՝ կրթություն, արհեստական բանականություն, առողջապահություն, թվային ծառայություններ, տուրիզմ, մարքեթինգ, կայուն զարգացում եւ այլ ուղղություններ։
Ամառային դպրոցը հերթական անգամ դարձել է ոչ միայն նոր գիտելիքների եւ գործնական հմտությունների ձեռքբերման, այլեւ՝ համագործակցության, փորձի փոխանակման եւ նոր մասնագիտական կապերի ձեւավորման արդյունավետ հարթակ։
«Երիտասարդներն ունեն թարմ հայացք, բաց մտածելակերպ եւ նորարար գաղափարներ»
Զառա Օհանան , Վերակառուցման եւ զարացման եվրոպական բանկի խորհրդատվություն փոքր բիզնեսներին ծրագրի ղեկավար, ժյուրիի անդամ
Շատ դրական է, երբ բուհն ուսանողներին փոխանցում է նաեւ ձեռնարկատիրական հմտութուններ։ Այսօր, ցավոք, երիտասարդներին հաճախ պակասում են պրակտիկ գիտելիքն ու հմտությունները։ Բոլոր համալսարանները տալիս են լավ տեսական գիտելիք, նույնիսկ՝ ձեռնարկատիրության ոլորտում, բայց երբ գործը հասնում է Հայաստանում ձեռնարկատիրություն ծավալելուն, ի հայտ են գալիս որոշ բացեր։ Այնպես որ, շատ կարեւոր է, որ այդ բացը լրացվի ոչ միայն հասուն տարիքում, այլեւ՝ հենց ուսանողների մոտ, քանի որ վերջիններն ունեն թարմ հայացք, բաց մտածելակերպ եւ նորարար գաղափարներ։ Նունիսկ՝ կարելի է այս հմտությունները զարացնել դպրոցական տարիքում (ժպտում է – հեղ․)։
Ես, որպես ՀՖՀՀ Ձեռնարկատիրության ամառային դպրոցի ընթացքում մշակված նախագծերը գնահատող ժյուրիի անդամ, մեծ կարեւորություն եմ տալիս դրանք ներկայացնող թիմերի խոսքին, փիթչինգի հմտութուններին ու հաշվի առնում՝ որքանով իրատեսական է նախագծի իրականացումը։ Գաղափարը կարող է լավը լինել, բայց պետք է ուսումնասիրել շուկան, մրցակիցներին եւ կատարել ֆինանսական գրագետ հաշվարկ։ Ընդ որում, նախագիծը պետք է «աշխատող» լինի ոչ միայն տվյալ պահին, այլեւ՝ ունենա երկարաժամկետ տեսլական։
Երիտասարդները պետք է ոչ միայն ստեղծեն հետաքրքիր գաղափարներով նախագծեր, այլեւ՝ կարողանան դրանք ճիշտ ներկայացնել։ Երբ ունես ներդրողին, իսկ այս դեպքում՝ ժյուրիին գրավելու ընդամենը երեք րոպե, փիթչինգի հմտությունները շատ կարեւոր են։
«Վաճառել = գլուխ արդուկե՞լ»
Աշոտ Խուդգարյան, Ֆոնդրեյզինգի եւ բիզնես սթորիթելինգի մասնագետ, ժյուրիի անդամ
ՀՖՀՀ Ձեռնարկատիրության ամառային դպրոցի ուսանողների հետ աշխատել եմ այսօրվա փիթչիգի նախապատրաստման ուղղությամբ։ Ոչ միայն ձեռնարկատիրությունում, այլեւ՝ առհասարակ կյանքում, սա կարեւորագույն հմտություն է։ Պետք է կարողանալ որեւէ բան մատուցել այնպես, որ դիմացինը նախ հասկանա, իսկ հետո նաեւ՝ հետաքրքրվի։ Իմ դասախոսութունները հաճախ սկսում եմ մի նկարով, որի վրա գրված է՝ «վաճառել = գլուխ արդուկել», եւ ստուգում եմ՝ ով է համաձայն այս պնդման հետ։ Իրականում սա ճիշտ պնդում է այն դեպքում, երբ մարդիկ իրենց գործը վատ են անում (ժպտում է – հեղ․):
Սկզբունքը հետեւյալն է՝ եթե վաճառքի «տակ» եղած բիզնես գաղափարը որակյալ է, ապա այն լավ ներկայացնելը, փիթչ անելը շատ կարեւոր է ու առավել ուժեղացնում է բիզնեսը։ Իսկ եթե որակյալ չէ, մարդիկ շատ արագ հասկանալու են դա։
ՀՖՀՀ ուսանողների հետ աշխատանքի ընթացքում նրանց աչքերում շատ կայծ եմ տեսել, զգացել մեծ ներգրավվածություն։
Ուսանողների միասնական հարթակ՝ ժամանակի արդյունավետ կազմակերպման համար
JARVIS թիմ
Վաղարշակ Սաղաթելյան, ՀՖՀՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող, Ձեռնարկատիրության ամառային դպրոցի մասնակից
Թիմում հինգով ենք եւ մշակել ենք ուսանողների համար նախատեսված միասնական հարթակ, որը մեկ վահանակում միավորում է AI chatbot, To-Do List, Pomodoro Timer, օրացույց, թվային գրադարան, առարկայական թեստեր եւ ուսանողական սոցիալական ցանց։
Այն կարող է օգնել ուսանողներին արդյունավետ կազմակերպել իրենց ժամանակը, արագ գտնել անհրաժեշտ ուսումնական նյութերը, համագործակցել եւ շփվել համակուրսեցիների եւ այլ ուսանողների հետ։ Այս պահին այն փորձարկել ենք ՀՖՀՀ-ում, բայց հետագայում ցանկանում ենք տարածել նաեւ այլ համալսարաններում։
Արա Տոնոյան, ՀՖՀՀ Ինֆորմատիկա ֆակուլտետի ուսանող, Ձեռնարկատիրության ամառային դպրոցի մասնակից
Այսօրվա Փիթչինգի օրը շատ լավ հնարավորություն է մեր նախագիծը ներկայացնելու, կարծիքներ լսելու համար։ Սա կօգնի, որ առավել կատարելագործենք այն։ Ձեռնարկատիրության ամառային դպրոցի ընթացքում մեզ հետ աշխատել են մի շարք մասնագետներ տարբեր ոլորտներից, տվել խորհուրդներ թե՛ նախագծի, թե՛ այն ճիշտ ներկայացնելու վերաբերյալ։ Այս օրերի աշխատանքն իսկապես շատ օգտակար էր ու հուսով ենք՝ կօգնի մեզ նախագծի առաջխաղացման հարցում։
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի