2025 թ. տարեվերջին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժինը անգնահատելի նվեր ստացավ՝ անհատ-վարպետի ձեռքի աշխատանք՝ ութ ջութակ։ Իսկ վարպետը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող թեհրանահայ Միշա (Մկրտիչ) Ալեքսանյանն է, որը ժամանակին նամակով դիմել էր Երևանի կոնսերվատորիա՝ առաջարկելով իր պատրաստած երկու ջութակը նվիրել բուհին։ Առաջարկն իսկապես անսպասելի էր և մեր պրագմատիկ ժամանակներում՝ հազվադեպ։ Նման նվիրատվություններ, երևի թե, կոնսերվատորիան ունեցել է մեկ էլ հարյուր տարի առաջ։ Նախորդ դարասկզբին, իր հիմնադրման տարիներին, երբ կառավարության հորդորով և պարզապես իրենց հոգու կանչով ազգի նվիրյալ զավակները, ազնվականները, մտավորականները իրենց սեփականությունը հանդիսացող գործիքները, նոտային գրականությունը, անգամ կահույքը նվիրաբերում էին նորաստեղծ կոնսերվատորիային։
«Սիրով ընդունեցինք Վարպետի նվերը։ Գործիքները կտրեցին օվկիանոսը և հասան Մայր բուհ, որտեղ մեր լարային բաժնի գիտակները բավական բարձր գնահատեցին գործիքների որակը, տեխնիկական ու մասնագիտական արժանիքները»,– Aravot.am-ի հետ զրույցում ասաց կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը՝ մանրամասնելով. «Այսպես է սկսվել մտերմությունը պարոն Միշա Ալեքսանյանի հետ, ով նկատելով մեր հետաքրքրվածությունը և ոգևորությունը, որոշեց ևս վեց գործիք ուղարկել Հայաստան։ Այս անգամ, իր խնդրանքով, գործիքներից չորսը անվանական հասցեատերեր պիտի ունենային՝ Երևանի կոնսերվատորիայի, մյուս երկուսը՝ Գյումրու մասնաճյուղի լարային բաժնի ուսանողներից։ Վարպետին ներկայացրեցինք ուսանողների անունները, նշեցինք նրանց տվյալները և, որ կարևորն է, սեփական լավ գործիք ունենալու անհրաժեշտությունը»։
Մեր զրուցակիցը հավաստիացրեց. «Երկար ճանապարհ անցան գործիքները՝ նամակագրություն, թղթաբանություն, տեղափոխում, մաքսազերծում, շատ ու շատ անսպասելի և անհավանական արգելքներ հաղթահարելով, հասան իրենց հասցեատերերին։ Դժվար է նկարագրել ուսանողներից յուրաքանչյուրի ուրախությունը, փայլատակող աչքերը, երբ նրանք առաջին անգամ իրենց ձեռքն էին վերցնում Վարպետ Միշայի պատրաստած գործիքները, որոնք այսուհետ դառնալու էին իրենց սեփականությունը»։
Ի պատասխան, կոնսերվատորիայի անունից ռեկտորի պաշտոնակատարը շնորհակալական ուղերձ է հղել, որտեղ մասնավորապես նշել է. «Ձեր աստվածաշնորհ վարպետությամբ պատրաստված ջութակների հավաքածուն հնարավորություն կընձեռի մեր շնորհալի երիտասարդներին օգտվելու այդ բացառիկ արժեք ունեցող գործիքներից։ Անհնար է խոսքերով նկարագրել մեր հիացումը և երախտագիտությունը հայրենանվեր քայլից, ձեր կատարումներից։ Այսքան շքեղ նվիրատվությամբ Դուք հարստացրեցիք Կոմիտասի անվան կոնսերվատորիայի գործիքադարանը։ Վստահեցնում ենք, որ այդ գործիքները կհնչեն այնպիսի տաղանդաշատ երիտասարդների ձեռքում, որ մշտապես բարձր կպահեն թե՛ Մայր բուհի վարկանիշը, և թե՛ Ձեր գործիքներին ճանաչում կբերեն միջազգային հեղինակավոր բեմահարթակներում»։
Ասենք, որ այս պատմությունը սրանով չի ավարտվում։ 2026 թ. սկզբին Ծովինար Մովսիսյանը, գտնվելով Միացյալ Նահանգներում, կապ է հաստատում Վարպետի հետ և ցանկություն հայտնում անձամբ հանդիպելու և հայտնելու իր երախտիքի խոսքը, ինչպես նաև նրան հանձնելու Կոնսերվատորիայի հոբելյանական հուշամեդալը։ «Որոշվեց հանդիպման օրը, և կայացավ մեր ծանոթությունը պարոն Միշայի, իր հմայիչ տիկնոջ՝ Ժանեթի, եղբոր, քրոջ և ընտանիքի մտերիմների հետ,– պատմում է տիկին Մովսիսյանը,– երախտիքի ջերմ խոսքեր փոխանցելուց բացի, ինձ համար մեծ պատիվ էր պարոն Միշային հանձնել կոնսերվատորիայի հուշամեդալը»։
Տեղեկացնենք, որ հուշամեդալը հատուկ պատվերով է պատրաստվել 5 տարի առաջ՝ կոնսերվատորիայի 100-ամյա հոբելյանի առիթով։ Հեղինակային աշխատանք է, որն իրականացրել է արծաթագործ Միքայել Մինասովը։ Ավանդաբար հուշամեդալը հանձնվում է կոնսերվատորիայի երախտավոր պրոֆեսորներին, հոբելյարներին, պատվավոր պրոֆեսորներին, բարեկամներին և բարերարներին։
Իմիջիայլոց, տիկին Մովսիսյանին պատմելով իր անցած ուղին՝ Վարպետ Միշան հիշել է Թեհրանում առաջին քայլերը ազգությամբ ֆրանսիացի ջութակի ուսուցչի դասարանում, այնուհետև ուսման տարիները Անգլիայում, մասնագիտացումը՝ Գերմանիայում։ Ի վերջո, ճակատագրի բերումով Ալեքսանյանների ընտանիքը հայտնվում է Միացյալ Նահանգներում, որտեղ և մշտական հանգրվան է գտնում։ Այստեղ իր ողջ գիտակից կյանքի ընթացքում Վարպետ Միշան զբաղվում է ջութակ պատրաստող վարպետի իր սիրած մասնագիտությամբ, իր կյանքի կարևորագույն առաքելությամբ։
Այսօր էլ Վարպետը սիրով ու ոգևորությամբ է պատմում այդ բարդ արհեստի գաղտնիքների մասին, անվանի և քիչ հայտնի երաժիշտների մասին, որոնց համար գործիքներ է պատրաստել։ Խոստովանում է՝ նաև մեծ երջանկություն է իմանալ, որ իր պատրաստած գործիքներից ութն այսուհետ ապրելու են հայրենիքում։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ Միշա Ալեքսանյանն ու Ծովինար Մովսիսյանը
Նվիրատուի գործիքներով՝ մեր ուսանողները
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: