Եթե 2018-ին Հայաստանում ցորենի ինքնաբավությունը 31 տոկոս էր նաև շնորհիվ Արցախից ներկրվող ցերենի, իսկ արդեն 2024-ին այն նվազել է մինչև 22-23 տոկոսի. այս մասին ասաց Ազգային ժողովի, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Երևանում ուրբաթ տեղի ունեցած քննարկմանը, որը կազմակերպել էր «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը»։ Քննարկման բանախոսներն էին Գառնիկ Դանիելյանը և Հայաստանի գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Աշոտ Հարությունյանը։ Քննարկմանը ներկա չէին Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Գևորգ Ղազարյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը։ Հայկ Խանումյանի խոսքով, որը վարում էր քննարկումը, նրանք չկարողացան ներկայանալ «ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով»։
Ինքնաբավության անկում
Գառնիկ Դանիելյանը քննարկման ժամանակ ներկայացրեց վիճակագրություն, որը ցույց է տալիս զգալի անկում բոլոր հիմնական ցուցանիշներով։
«Եթե 2018-ին, ըստ վիճակագրական տվյալների, ցորենի ինքնաբավության 31 տոկոս էր, արդեն 2024-ին շեշտակի նվազել է՝ հասնելով մինչև 22-23 տոկոսի։ Նույնը նաև բանջարեղենի ինքնաբավության մակարդակն է․ հատիկաընդեղենի մասով կարող եմ ձեզ տեղեկացնել, որ 2019-ին եթե 50 տոկոս էր, հիմա արդեն 38 տոկոս է»,- ասաց Դանիելյանը։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը խիստ քննադատեց ներկայիս իշխանություններին, որոնց քայլերը լուրջ վնաս են հասցրել համակարգին. ոլորտը կորցրել է իր մասնագիտական կարողությունները։
«Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների մեծ մասը այժմ տարբեր գերատեսչություններում է աշխատում։ Մարդիկ հասկացան, որ այդտեղ անելիք չունեն, ամեն մեկը փորձեց իր գլխի ճարը տեսնել՝ գնալով մասնավոր ոլորտ կամ այլ նախարարություններ»,- նշեց մասնագետը։
Արցախի կորուստը՝ հարված Հայաստանի պարենային անվտանգությանը
Արցախից ներկրվող ցորենը համարժեք էր Հայաստան մտնող ցորենի 10-12 տոկոսին։
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Դանիելյանը նշեց, որ Արցախը ոչ միայն ցորեն էր ապահովում, այլև մեծ քանակությամբ ու բարձր որակի եգիպտացորեն։
«Արցախի կորստից հետո խնդիրներ են ծագել նաև անասնակեր խոտի հետ կապված։ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում շատ գյուղատնտեսներ, որոնք մեծ քանակությամբ անասնագլխաքանակ ունեին, իրենց ձմեռվա պաշարները ապահովում էին հենց Արցախից։ Արցախի կորստից հետո շեշտակիորեն կրճատվեց անասնագլխաքանակը, և թեև պաշտոնական թվերը դեռ չեն հրապարակվել, բայց անզեն աչքով երևում է, որ անասնագլխաքանակի զգալի կրճատում է տեղի ունենում»,- ասաց Դանիելյանը։
Պատգամավորը ընդգծեց, որ եթե մենք Արցախի կորստից հետո էլ էլի դասեր չքաղեցինք և էլի խնդիրներ ունենանք, շարունակելու ենք մեղադրել գերտերություններին։
Աշոտ Հարությունյանը խիստ քննադատության ենթարկեց նաև 2023-ի հունիսի 29-ին ընդունված Պարենային անվտանգության ռազմավարությունը, որտեղ չկա «Լեռնային Ղարաբաղ» կամ «Արցախ» բառերը, այն դեպքում, երբ փաստաթուղթն ընդունվել է Արցախի շրջափակման ամենածանր փուլում։
«Մեր եղբայրները սովի, կոնկրետ սովի շեմին կանգնած, տոտալ բլոկադա, ֆիզիկական անվտանգություն, պլյուս՝ սով, այդ ամեն ինչի մեջ որևիցե կերպ չի մեջբերվում, թեկուզ դառը փորձի մասին։ Դա նշանակում է պետական քաղաքականության ոչ թե ձախողում, այլ կանխամտածվածություն»,- նշեց Հարությունյանը։ Նա ավելացրեց, որ ռազմավարական փաստաթուղթում տեղ գտած թվերը բացարձակ չեն համապատասխանում իրականությանը և այն զրոյի արժեք ունի։
Չունես լաբորատորիա, չունես գյուղատնտեսություն
Փորձագետները նշեցին կոնկրետ խնդիրներ, որոնց գյուղացիները բախվում են առօրյայում։
Գառնիկ Դանիելյանն ասաց, որ ցորենի գինը 70-80 դրամի սահմաններում է, որը չի ծածկում նույնիսկ ծախսերը. «Եվ գյուղացիները մինուս են գնում։ Ցորենի սերմերի որակի հետ լուրջ խնդիրներ կան, գյուղացիները ստիպված են չփորձված, խնդրահարույց սերմերը իրենց գրպանի հաշվին փորձարկել՝ մի քանի տարի փորձելով, հաճախ ձախողելով և վարկային խնդիրների մեջ հայտնվելով»։
Դանիելյանը լաբորատորիաների մասին ասաց, որ դրանք կամ չեն գործում, կամ իրական հիվանդության տեսակը չեն արձանագրում, ինչը երկու դեպքում էլ լրջագույն խնդիր է։ Ըստ պատգամավորի՝ եթե չունես լաբորատորիաներ, ուրեմն գյուղատնտեսություն չունես։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը ավելացրեց, Հայաստանի գյուղական բնակավայրերի գրեթե 90%-ում գրանցված է դաբաղ հիվանդությունը, բայց պաշտոնական պատասխաններով ցույց են տալիս՝ չկա գրանցված դեպք։
Օրենսդրական և ինստիտուցիոնալ բացեր
Բեռլինի Հումբոլդտի համալսարանի շրջանավարտ Էմիլ Գևորգյանը նշեց, որ խնդիրները կան երեք հարթությունների վրա։ Առաջին՝ ինստիտուտների բացակայությունը՝ գյուղատնտեսության նախարարությունը, գիտահետազոտական կայանները, որոնք հիմա շատ թույլ են, որտեղ պետք է նորար մտքեր ծնվեն։
Երկրորդը, ըստ նրա, օրենսդրական դաշտի անկատարությունն է և գյուղատնտեսությանը կարգավորող հիմնական օրենք չունենք։
«Այդ խնդրի ամենացայտուն մասը երևում է այնտեղ, երբ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ չունեն իրավական հստակ կարգավիճակ։ Կոոպերատիվների մասին օրենք կա, բայց այն պետք է կիրարկման ընթացքում բարեփոխվի, որովհետև շատ բաներ նպաստավոր չեն մարդկանց այդ շրջանակում գործունեություն ծավալելու համար»,- ասաց Էմիլ Գևոգյանը։
Ըստ մասնագետի՝ խնդիրը հատկապես ցայտուն է դառնում, երբ գյուղատնտեսությամբ զբաղվողը իր մթերքով պետք է կարողանա բանակցել վերամշակող կազմակերպության հետ, բայց չունի այդ իրավական ուժը։
Երրորդը, ըստ Էմիլ Գևորգյաննի, կադրային ճգնաժամն է։
Գառնիկ Դանիելյանը շարունակեց այս միտքը և ասաց, որ մասնագետների խայտառակ ցածր թիվ ունենք գյուղատնտեսության մեջ՝ անասնաբույժների, անասնաբույծների, գյուղատնտեսների։
«Հատկապես մարզային վայրերում որակյալ մասնագետների տոտալ դեֆիցիտ կա։ Եղած որակյալ մասնագետները կյանքից հեռանում են, և նոր սերունդը չի գալիս հետևից։ Ագրարային համալսարանի դիմորդների խայտառակ ցածր թիվը վկայում է այս խնդրի սրության մասին»,- ասաց Դանիելյանը։
Աշոտ Հարությունյանը հաստատեց, որ Գյուղատնտեսական ակադեմիայի մասնագիտական ֆակուլտետներում, որոնք պետք է ապահովեն ոլորտը և լուծեն պարենային խնդիրները, գրանցվում է «զրո ընդունելություն»։
«Փորձում են խնդիրներ կարգավորել հեռակա ուսուցմամբ, կրթաթոշակով հրապուրիչ դարձնել, բայց գյուղատնտեսական գիտությունը, կրթությունը, տեխնիկումները հավասարեցվել են զրոյի։ Գիտահետազոտական ինստիտուտները և լաբորատորիաները լրիվ փակվել են»,- ասաց նա։
Լուծումներ և առաջարկներ
Քննարկման մասնակիցները առաջարկեցին մի շարք լուծումներ, որոնք պետք է իրականացվեն անհապաղ։ Օրինակ, ըստ Դանիելյանի, Տավուշի մարզի Դեղձավան գյուղում կա պոմպակայան, որը Դեբեդից ջուր կարող է մղել և առնվազն 500 հա տարածք ոռոգելի դարձնել։ Պատգամավորն ասաց, որ այս հարցով բազմիցս գրություններ է ուղարկել գերատեսչություններ, բայց զրո արձագանք է ստացել։
Աշոտ Հարությունյանը ասաց, որ մեր ջրերը գնում են ոչ բարեկամական երկրների տարածքներ, և «մեր քթի տակով անցնող ջուրը մենք չենք կարողանում օգտագործել»։
Հարությունյանը առջարկեց ագրոպարենային ինտեգրված համակարգի ստեղծում՝ գյուղատնտեսություն, ջրային ռեսուրսներ, էներգետիկա միասին կառավարելու համար. «Մարզային կառույցների ստեղծումը անհրաժեշտ է օպերատիվ ինֆորմացիայի ստացման և արձագանքման համար»։
Հայկ Խանումյանը շեշտեց, որ այս թեման պետք է դառնա հրատապ՝ անկախ 2026-ի ընտրությունների արդյունքներից. «Սա գոնե մի թեմա է, որը բոլորիս է վերաբերում, բոլորի երեխաներին է վերաբերում»։
Նա նշեց, որ շատ հաճախ մեր նորմատիվ բազան այնպիսին է, որ չի խրախուսում գերատեսչությունների նախաձեռնողականությունը և պատասխանատվությունը։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությոնյանը նշեց, որ երբ 2025-ի պաշտոնական տվյալները հրապարակվեն, ավելի ցածր են լինելու, որովհետև տարեցտարի ոչ միայն բերքատվությունն է անկում ապրում, այլև արհեստական թվերը և կորուստները սարսափելի թվեր են ցույց տալիս։
«Արցախյան փորձը պետք է դառնա դաս՝ քանի ուշ չէ Հայաստանում ամրապնդելու պարենային անվտանգությունը, որը ազգային անվտանգության անբաժանելի մասն է»,- ասաց Հարությունյանը։
Տե՛ս նաև՝ Առանց արցախյան ցորենի. որքանո՞վ է Հայաստանը կախված ներկրվող հացահատիկից
The post Արցախի փորձը պետք է դաս լինի Հայաստանում ամրապնդելու պարենային անվտանգությունը. քննարկում appeared first on CIVILNET.