Սննդի առաքիչը պետք է ունենա սանիտարական գրքույկ․ ՍԱՏՄ-ն ստուգելու է

Նկատի ունենալով վերջին շրջանում հանրություն կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև արձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազաների մտահոգիչ քանակին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2026 թվականի մարտի 1-ից  սկսելու է լայնածավալ վերահսկողություն այս դաշտում.  առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության դեպքում վարչական պատասխանատվություն կկրեն առաքման ծառայություն մատուցող կազմակերպությունները. վերջիններիս պարտականությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների բժշկական զննության ենթարկվելը: 

Հիշեցնենք, որ սննդի շղթայի ցանկացած փուլում (արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման փուլերը` նախնական արտադրությունից մինչև սպառում, առևտրի և հանրային սննդի ծառայությունների ոլորտ) ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (յուրաքանչյուր կիսամյակ) բժշկական զննությունների և ունենա անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ։

Տեսչական մարմինն այս հարցում լինելու է խիստ հետևողական:

ՍԱՏՄ

Leave a comment