Տևական ժամանակ Երևանում անցկացվող տասնյակ ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային փառատոներին ու մշակութային այլ միջոցառումներին զուգահեռ՝ նման կյանքով աշխուժացել են նաև մարզերը։ Վերջիններին, բառացիորեն բոլորին, անդրադառնում է Aravot.am-ը։ Ընդամենը հիշեցնենք ամռան սկզբին Ստեփանավանում Երևանի օպերային թատրոնի կողմից հիմնված, արդեն երկրորդ տարին անցկացված «Արենա Լոռի» միջազգային փառատոնը կամ Կապան քաղաքում երաժշտական տարբեր ժանրերում ավանդաբար անցկացվող միջազգային փառատոնը, որն այս տարի կմեկնարկի հուլիսի 4-ին՝ դարձյալ հրավիրյալ անվանի երաժիշտների մասնակցությամբ և այլն։
Արդեն երրորդ տարին անընդմեջ Հայաստանի մարզային մշակութային օջախները ողողվում են նվագախմբային երաժշտության հզոր և կենսատու ալիքներով։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, հավատարիմ իր առաքելությանը, կրկին ապակենտրոնացրեց երկրի մշակութային կյանքը՝ մայրաքաղաքի շքեղ դահլիճների փայլն ու վեհությունը տեղափոխելով այնտեղ, որտեղ դրան, մեր դիտարկմամբ, ամենից շատ են սպասում՝ հայաստանյան մարզեր։ Համերգների ունկնդիրը եղանք նաև մենք։
Հատկապես այս տարվա մարզային շրջագայությունների մեկնարկը ոչ միայն սպասված էր, այլև խորհրդանշական ու տոնական։ Այն նվիրված էր հայ երաժշտարվեստի երկու հսկաների՝ մեծանուն կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի ծննդյան 105-ամյա հոբելյաններին։ Նրանց անմահ մեղեդիները, որոնք տասնամյակներ շարունակ ջերմացրել են սերունդների սրտերը, հունիսի 13-ին և 14-ին նոր շունչ ու կենդանություն ստացան հարազատ բնաշխարհի տարբեր անկյուններում՝ վերածվելով իսկական ժողովրդական տոնախմբության։
Ֆիլհարմոնիկի երաժշտական քարտեզն, ինչպես միշտ, ընդգրկուն էր ու չափազանց դինամիկ։ Համերգային շքեղ հնչյունները հաջորդաբար գրավեցին Աշտարակի դրամատիկական թատրոնը, Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատը, Հրազդանի դրամատիկական թատրոնն ու Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճը։ Ամենուր պատկերը նույնն էր՝ լեցուն դահլիճներ, հուզմունքից փայլող աչքեր, երկարատև ծափահարություններ ու հոտնկայս օվացիաներ, որոնք թույլ չէին տալիս երաժիշտներին լքել բեմը։
Մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը լոկ նպատակ չէ․ դա կենսական անհրաժեշտություն է։ Այս համերգները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մարզերում ապրող հանդիսատեսը ծարավ է որակյալ, կենդանի և պրոֆեսիոնալ կատարումների։ Տեղական մշակութային օջախների վերակենդանացումը, նրանց հարկի տակ հարյուրավոր մարդկանց համախմբումը վկայում են այն մասին, որ Ֆիլհարմոնիկի այս նախաձեռնությունը տարեցտարի ավելի հզոր մշակութային ազդակ է հաղորդում՝ մարզերում արթնացնելով ստեղծագործական միջավայրն ու հոգևոր էներգիան։
Համերգային ծրագրում ընդգրկված էին կոմպոզիտորների ամենասիրված և մեծ ժողովրդականություն վայելող գործերը։ Առնո Բաբաջանյանի հանճարեղ «Առաջին սիրո երգը», «Չքնաղ երազ», «Գեղեցկության թագուհի», «Քանի դեռ հիշում եմ, ապրում եմ», «Երևանի սիրուն աղջիկ», «Սատանայի անիվ» և հոգեցունց «Նոկտյուրն» ստեղծագործությունները դահլիճը լցրեցին թախծի, սիրո ու հպարտության զգացումներով։ Իսկ Էդվարդ Միրզոյանի թեթև ու նրբագեղ «Վալսը», կրքոտ «Տանգոն» և քնարական «Շուշանիկը» հանդիսատեսին տեղափոխեցին բարձրագույն էսթետիկայի միանգամայն այլ աշխարհ։
Երիտասարդ և տաղանդավոր դիրիժոր Յարոսլավ Բիչկովի դինամիկ ղեկավարությամբ նվագախումբը հնչում էր մեկ միասնական օրգանիզմի պես՝ փոխանցելով հեղինակների հույզերի ողջ գունապնակը։ Մենակատարներ Վարդան Բադալյանի, Արթուր Աղաջանովի և Ռոման Խնկոյանի տպավորիչ ու էմոցիոնալ կատարումները արձագանքեցին հանդիսատեսի սրտում՝ ստիպելով ներկաներին երգել, անգամ պարել սիրված երգերի հնչյունների ներքո։
Սամվել Դանիելյան
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ մարզերում կայացած համերգների լուսանկարներն ու տեսանյութը տրամադրել է նվագախմբի PR բաժինը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: