Մոսկվայում ընթացող պաշտոնական այցի շրջանակներում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի արտաքին գործատեսչության ղեկավարը հայտարարեց, որ կողմերն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։
«Մենք մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և խաղաղ գործընթացը, որն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Սա շատ կարևոր առանձնահատկություն է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,- նշել է Ֆիդանը։
Ռազմավարական համագործակցության աշխարհագրությունը
Բացի հարավկովկասյան օրակարգից, երկու երկրների նախարարները համակողմանի անդրադարձ են կատարել միջազգային այլ զարգացումներին, այդ թվում՝ Սևծովյան տարածաշրջանի անվտանգությանը, Սիրիայի ներքաղաքական երկխոսության աջակցությանը և Մերձավոր Արևելքում Իրան-ԱՄՆ նոր համաձայնագրի ֆոնին ստեղծված իրավիճակին:
Հանդիպման արդյունքներով Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են սերտորեն համագործակցել ու կոորդինացնել իրենց քայլերը Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և մի շարք այլ հանգուցային տարածաշրջաններում։ Անկարան և Մոսկվան վերահաստատել են իրենց շահագրգռվածությունը կայուն և կանխատեսելի Հարավային Կովկասի հարցում, ինչը, ըստ կողմերի, կարող է արդյունավետորեն առաջ մղվել նաև «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակներում: