Մանդատները վերցնելը ճիշտ է. Արմեն Աշոտյանը հոդված է փոխանցել ՔԿՀ-ից

Հունիսի 7–ին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, ուստի նոր ԱԺ-ն լեգիտիմ չէ։ Այս հայտարարությունն արել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր հոդվածում, որը նա գրել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում և փոխանցել փաստաբանների միջոցով։

«Ընտրությունները կեղծվում էին ընտրական օրվանից առաջ, նույն օրը և հետո: Նիկոլական «հաջողության բանաձևը» հստակ էր՝ ռեսուրսներ, վախ, նախընտրակաշառք և Արևմուտքի «OK»: Անգամ այդքանից հետո չհասնելով ցանկալի արդյունքին՝ Փաշինյանն ուղիղ եթերում գողացավ ԲՀԿ-ի մանդատները՝ բռնանալով ժողովրդի կամարտահայտության վրա: Նոր ԱԺ-ն, ուստի, լեգիտիմ չէ (որքան էլ Փաշինյանը փորձում էր մաքրվել 2021-ի ընտրություններից հետո կառավարության գործունեության արդյունքում ոչլեգիտիմության փաստից: Եթե ԱԺ-ն լեգիտիմ չէ, ուստի նրանից ածանցվող մարմինները, ներառյալ՝ կառավարությունը, և որոշումները լեգիտիմ լինել չէին կարող)»,– գրել է Աշոտյանը։

Նա ընդգծել է` եթե ԱԺ-ն լեգիտիմ չէ, ուստի նրանից ածանցվող մարմինները, ներառյալ՝ կառավարությունը, և որոշումները լեգիտիմ լինել չէին կարող): ԱԺ-ն և նրա հաստատվելիք կառավարության գալիք ծրագիրը նաև լեգալ չեն, քանզի հենց ամենասկզբից խարխլված են նրա ձևավորման իրավական հիմքերը (ԿԸՀ որոշումներ)։

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտի մարտավարությանը՝ Աշոտյանը նշել է` միայն ընտրական մեխանիզմներով ընդդիմությունը հաջողության հասնել չի կարող և չէր կարող, փողոցային և քաղաքական տիրույթի մյուս պայքարներն իմպերատիվ են:

Քաղաքական գործիչը ճիշտ է համարել մանդատները վերցնելու և պայքարի բոլոր քաղաքական մեթոդները մեկտեղելը, բայց պարտադիր նախապայման է դիտարկում ներքին վեթինգը։

«Ընդդիմությունն իր բոլոր բաղադրիչներով պարտավոր է գործել միասնական, և դրա ուղղությամբ կատարվող առաջին քայլերը ողջունելի են և շարունակություն պահանջող: Հայաստանի նորանկախ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ընդդիմության այս կամ այն ուժը մեղադրել է օրվա իշխանություններին իրենց ձայները նվազեցնելու մեջ: Սակայն առաջին անգամ է, երբ ընդդիմադիր ուժերից մեկի ձայները ոչ թե պարզապես և փաստահեն նվազեցվել են, այլ ուղիղ եթերում տեղի է ունեցել մի ամբողջ ֆրակցիայի ամպուտացիա ԱԺ-ից: Եթե նախորդ բոլոր իշխանություններին Փաշինյանը մեղադրում էր ընտրակեղծարարության մեջ, ապա հիմա նա պատմության մեջ մտավ՝ նաև որպես ընտրագող»,– ընդգծել է ՀՀԿ փոխնախագահը։

Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետընտրական վարքագիծն ագրեսիա է որակել ու հավելել` դա փաստում է` Փաշինյան ինքը հասկանում է, որ իր հայտարարած «հաղթանակը» սարքած է։ Հոդվածի վերջում ՀՀԿ փոխնախագահը զուգահեռներ է անցկացրել Հին Հռոմի պատմության հետ՝ ձևակերպելով հայաստանյան իրականության գլխավոր երկընտրանքը. «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն»։

Sputnik Արմենիա

Leave a comment