Ռուսաստանի Դաշնությունից հայաստանյան ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացիների ժամանելու մասին թեման շարունակում է մնալ ակտիվ քննարկման առարկա։
«Փաստերի ստուգման հարթակը», Ազգային անվտանգության ծառայության կողմից տրամադրված տվյալների համաձայն, վերլուծել ու ամփոփել է նախընտրական՝ մայիս ամսվա ու հունիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածի վիճակագրությունը՝ դիտարկելով ՌԴ-ից ՀՀ մարդկային հոսքերի դինամիկան ու հիմնական միտումները։
Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է ներհոսքի շեշտակի աճ՝ թե՛ մայիս ամսվա, թե՛ հունիսի առաջին շաբաթվա համեմատականում։
Մայիսյան հոսքերի դինամիկան (2022-2026 թթ.)
Մայիս ամսվա կտրվածքով ՌԴ-ից ժամանումների ընդհանուր թիվը ցույց է տալիս, որ ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների հոսքը կտրուկ աճել է երկու անգամ՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո՝ 2023-ին, և այս տարվա մայիսին, որը շեշտակիորեն ավելի է նախորդող 4 տարիներին գրանցված ցուցանիշից։
Այսպիսով․
- 2022թ. մայիսին ՌԴ-ից ժամանել է 75․330 մարդ
- 2023թ. մայիսին ցուցանիշը կտրուկ աճել է՝ հասնելով 122․490-ի (մոբիլիզացիա)
- 2024 և 2025 թթ. մայիսին նկատվել է որոշակի նվազում և կայունացում․ գրանցվել է համապատասխանաբար 106․869 և 109․537 ժամանող
- 2026թ. մայիսին արձանագրվել է հնգամյա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշը՝ 131․852 անձ, որը նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է 20.3%-ով․ նախորդ տարի գրանցվել էր 109․537 անձի ներհոսք։
Հունիսի առաջին շաբաթվա պատկերը՝ վերջին 5 տարիների համեմատականով
Հունիսի առաջին յոթ օրերի տվյալները գրեթե ամբողջությամբ կրկնում են մայիսյան միտումները։
- Ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2022 թ.-ի հունիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում՝ 20․330 անձ։
- 2023թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը հասել է 33․728-ի, որից հետո 2024 թ.-ին նվազել է մինչև 27․658։
- 2026թ. հունիսի 1-7-ին գրանցվել է կտրուկ աճ՝ հասնելով 40․182-ի, ինչը շուրջ 38%-ով գերազանցում է նախորդ տարվա (2025թ.՝ 29․125) նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Սահմանային անցակետերի բաշխվածությունը. «Զվարթնոցը»՝ բացարձակ առաջատար
Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ՌԴ-ից ժամանողների ճնշող մեծամասնությունը օգտվում է օդային տրանսպորտից, մասնավորապես՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից։ Այս անցակետով հոսքը մշտապես կազմել է ընդհանուր ժամանումների առնվազն 80-90%-ը։ 2026թ. մայիսին ժամանած 131․852 անձանցից 121․736-ը (ավելի քան 92%-ը) ժամանել է «Զվարթնոցով»։
«Գյումրի»՝ Շիրակ օդանավակայանը ծանրաբեռնվածությամբ երկրորդն է։ 2026-ի մայիսին այս անցակետով ՀՀ մուտք է գործել 5․964 անձ։
Ցամաքային անցակետերի թվում առաջատարը՝ մայիս ամսվա համեմատականով, «Գոգավանի» անցակետն է։ Այս տարվա մայիսին այս անցակետով մուտք գործածների թիվը 3․301 է։
Հունիսի առաջին շաբաթվա ընթացքում, սակայն, ցամաքային անցակետերի շարքում առաջատար է դարձել «Բագրատաշենը»։ Անցակետի կտրուկ ակտիվացման արդյունքում 2026 թ. հունիսի 1-7-ը մուտք է գործել 4․649 անձ։ Այնինչ, 2022-2025 թվականների հունիսի 1-ից 7-ը Բագրատաշենով ՌԴ-ից ժամանումների թիվը տատանվել է 100-ից 800-ի միջակայքում։ Այս տարի գրանցված բացառիկ ցուցանիշը գերազանցում է անգամ նախորդող ամսական ցուցանիշը։
Հետաքրքրական է, որ ներհոսքերի շեշտակի տատանումներ են գրանցվել նաև «Բավրա» անցակետում։ 2022-2025 թթ. մայիսին այս անցակետով ՌԴ-ից մուտք է գործել առավելագույնը 40 մարդ, այնինչ այս տարվա մայիսին՝ 321-ը։ Այս միտումը նկատվում է նաև հունիսի առաջին շաբաթվա համեմատականում. եթե նախորդող 4 տարիների հունիսի 1-7-ն ընկած ժամանակատվածում մուտք գործողների թիվը կազմել է մինչև 12 անձ, ապա այս տարվա հունիսի 1-ից 7-ը՝ 196 անձ։
Այսպիսով, ԱԱԾ պաշտոնական տվյալների վերլուծությունը փաստում է, որ ՌԴ-ից ժամանումների քանակն, իսկապես, շեշտակի աճել է։ Մասնավորապես, այս տարվա մայիս ամսին արձանագրվել է հնգամյա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշը, իսկ հունիսի առաջին շաբաթվա ներհոսքը շեշտակիորեն գերազանցել է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշները։
Ներհոսքերի թվաճը հիմնականում ձևավորվել է «Զվարթնոց» օդանավակայանի, իսկ հունիսի առաջին օրերին նաև «Բագրատաշեն» և «Բավրա» անցակետերի կտրուկ ու աննախադեպ ակտիվացման հաշվին։
Այդուհանդերձ, քանի որ ստացված տվյալները չեն ներառում տեղեկություններ անձանց քաղաքացիության, ընտրական իրավունքի կամ այցի կոնկրետ նպատակի մասին, պաշտոնական վիճակագրությունը թույլ չի տալիս պնդել, թե այս աճն ուղղակիորեն կապված է ընտրական գործընթացների հետ։
Գայանե Մարկոսյան
The post ՌԴ-ից Հայաստան ժամանողների դինամիկան. մայիսին գրանցվել է 20.3, հունիսին՝ 38% աճ appeared first on FIP.AM.