Վանաձորում՝ Փամբակ գետում, վաղ առավոտից սկսվել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 16-ին, շարունակվում են Փամբակ գետում երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՆՓԱԻԿ-ի ջրասուզակը առավոտյան 8-ից սկսել է գետում որոնողական աշխատանքները, սակայն գետը բավականին վարար է, իսկ մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, պարեկներ ու համայնքային ոստիկաններ, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները գետի ողջ երկայնքով՝ գրեթե 40 մ երկարությամբ, շարունակում են որոնողական աշխատանքները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, ու արդեն դեպքի վայր են ժամանել վարչության պետ Էդվարդ Կարապետյանը, վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանը և 2 հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ։
Այս պահին որոնողական աշխատանքների վայր է ժամանել նաև Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 15-ին, Վանաձոր քաղաքում 7-ամյա և 13-ամյա քույրերին Փամբակ գետում հայտնաբերելու աշխատանքներին միացել էին նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներ և նույն կենտրոնի ջրասուզակներ՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ։
Ջրասուզակները, որոնց հետ էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները, որոնց աշխատանքը տեղում ղեկավարում էր Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, ժամը 21։50-ի սահմաններում մթության պատճառով դադարեցրել էին որոնողափրկարարական աշխատանքները, որոնք վերսկսվելու են առավոտյան ժամը 08։00-ին։