Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի 7-ամյա ռազմավարության նախագիծը
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մասնակցությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։
Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտի 7-ամյա ռազմավարության նախագծի հիմնական նպատակներն ու առաջնահերթությունները՝ կարևորելով խորհրդի անդամների առաջարկների և դիտարկումների քննարկումը։
Նրա խոսքով՝ նոր ռազմավարությունը միավորում է ոլորտի բարեփոխումների հինգ հիմնական ուղղություններ՝ դատաիրավական համակարգը, մարդու իրավունքների պաշտպանությունը, հակակոռուպցիոն քաղաքականությունը, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտները, ինչպես նաև իրավապահ համակարգի բարեփոխումները։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված աշխատանքներն ու վեճերի արտադատական լուծման մեխանիզմների զարգացման հեռանկարները։
Նախարարությունում նշել են, որ ընտանեկան վեճերով պարտադիր հաշտարարության ներդրման արդյունքում դատարան մուտքագրվող հայցերի թիվը նվազել է շուրջ 60 տոկոսով։ Նախատեսվում է հետագայում զարգացնել նաև աշխատանքային վեճերի հաշտարարության մեխանիզմը։
Քննարկման ընթացքում խորհրդի անդամներն անդրադարձել են ներկայացված ռազմավարական ուղղություններին և արդարադատության ոլորտին առնչվող այլ հարցերի։