ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի անձնական որոշումն է. «Հրապարակ»

Հինգշաբթի օրը ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը «Հրապարակի»-ին հայտնել էր, որ ռեկտորատից ԵՊՀ Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարին տեղեկացրել են, որ մայր բուհի Արտասահմանյան գրականության ամբիոնը, որը ԵՊՀ ամենահին ու կարեւոր ամբիոններից է, լուծարվում է: Պատճառը հավանաբար այն է, որ ամբիոնի վարիչ՝ քաղաքագետ Անուշ Սեդրակյանը մասնակցում էր ընտրություններին «Միասնության թեւեր» կուսակցության ցուցակով: Ամիսներ առաջ էլ աշխատանքից ազատել էին ԵՊՀ Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գեւորգ Բարսեղյանին` ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: ԵՊՀ-ն այն աստիճան է ՔՊ-ականացվել, որ բոլոր այլախոհներին վտարում են բուհից:

Նիկոլ Փաշինյանի իշխանավարման 8 տարիներին տարբեր բուհերից, այդ թվում՝ ԵՊՀ-ից, բազմաթիվ դեկաններ եւ դասախոսներ են հեռացվել` իշխանությանը քննադատելու կամ սեփական կարծիք ունենալու համար: Անուշ Սեդրակյանը մեզ փոխանցեց, որ ԵՊՀ գիտական խորհուրդն արդեն որոշել է Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկությամբ դիմել համալսարանի հոգաբարձուների խորհրդին: Սեդրակյանը նշում է, որ եթե ամբիոնը լուծարվի, դիմելու է դատարան:

ԵՊՀ-ի մեր աղբյուրն ասում է, որ այս որոշումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի անձնական որոշումն է: Արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոսների մի մասին ասվել է, որ կշարունակեն աշխատել Հայ բանասիրության ֆակուլտետում, մյուս մասը` Անգլիական բանասիրության ամբիոնում:

ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Անահիտ Եգանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամբիոնի լուծարումը ոչ միայն հարված է կրթական համակարգին եւ ուսանողներին, այլեւ այդ ամբիոնում աշխատող պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքային իրավունքների կոնկրետ ոտնահարում է, քանզի օրենքն ասում է, որ նախ պետք է ամբիոնի աշխատակիցներին ծանուցել այդ որոշման մասին, հետո նոր միայն հարցը դնել քննարկման:

«Ես որեւէ նման ծանուցում չեմ ստացել, ինչը պնդում եմ` ամրագրված է օրենքում: Չի կարելի որոշումը կայացնել, հետո նոր միայն ծանուցել դրա մասին: Թեպետ մինչ այս պահն էլ մենք որեւէ ծանուցում չենք ստացել: Ստուգել եմ իմ էլեկտրոնային հասցեն: Մինչդեռ աշխատանքի ընդունելիս օրենքը մեզ լրիվ այլ բան է ասում` այս ամենի ճիշտ հակառակը: Սուրհանդակ են ուղարկում տիկին Անուշ Սեդրակյանին, եւ նոր միայն ամբիոնի կազմը տեղեկանում է այդ մասին, ինչպե՞ս կարելի է: Մենք այսպե՞ս ենք գնում դեպի Արեւմուտք, այսպե՞ս է Երեւանի պետական համալսարանը փորձում միջազգային բուհի ստատուս ձեռք բերել»:

Ամբիոնի երկարամյա նախկին դասախոս, գրող Հենրիկ Էդոյանն էլ մեզ հետ զրույցում ասում է. «Շատ վատ, սխալ որոշում է: Նոր եմ իմացել լուրը, համալսարանը չի կարող առանց այս ամբիոնի գոյատեւել: Ո՞նց կարելի է նման որոշում կայացնել: Արտասահմանյան գրականությունը մի շարք ֆակուլտետներում մասնագիտական առարկա է, ստացվում է, որ էլ չե՞ն կարդալու գրականություն: Չեմ էլ պատկերացնում, թե ինչպես են այլ ամբիոնի միացնելու, օրինակ՝ հայ գրականության հետ ի՞նչ կապ ունի արտասահմանյան գրականությունը կամ՝ ռուս գրականության հետ: Համալսարանի հիմնադրման օրվանից գործում է այդ ամբիոնը եւ պետք է շարունակի գործել»:

 

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment