Մայիսի 30-ին Ոսկեպար գյուղում նախընտրական քարոզչության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սահմանազատումը շարունակվելու է։ Նա Ոսկեպարում ոչ թե անդրադարձավ այդ 3 առանձնատների խնդրին, այլ նախկինում ադրբեջանաբնակ Ներքին Ոսկեպար (Աշաղի Ասքիպարա) գյուղին հարակից տարածքում 1980-ականներին ոսկեպարցիների կառուցած, լքված երկհարկանի 27 տներին․ «Իհարկե, էնտեղ Խորհրդային Միության ժամանակվա տների հետ կապված խնդիրներ կան, էդ խնդիրներն էլ մենք կնայենք, կլուծենք»:
Թե ինչպես է լուծվելու այդ 27 տների հարցը, հայտնի չէ։ Միջպետական ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում, ճանապարհի որոշ հատվածներ քարտեզով գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Սահմանազատման շարունակության դեպքում ԽՍՀՄ ժամանակ անկլավ հանդիսացած Վերին Ոսկեպարը եւ Կիրանց-Ոսկեպար ճանապարհի առանձին հատվածներ, ամենայն հավանականությամբ, կհանձնվեն Ադրբեջանին: 2024թ․ գարնանը ոսկեպարցիների հետ հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը, որպես խնդրի լուծման տարբերակ, նշում էր այդ հատվածներում թունելներ-ճանապարհներ կառուցելը։ Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելով, կխաթարվի Իջեւան-Նոյեմբերյան տրանսպորտային կապը: Այդ ճանապարհի այլընտրանքային ուղին Ենոքավան-Կարմիրգյուղ-Ջուջեւան ճանապարհն է, որի միայն մի փոքր մասն է շահագործման ենթակա։
Այդ կապակցությամբ արված տեղեկատվական հարցումիս Տավուշի մարզպետարանից պատասխանել են․ «2024թ. ՀՀ պետական բյուջեի ծրագրով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվել են 6.3 կմ երկարությամբ (Մ-4) – Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)- (Հ-58) հանրապետական նշանակության ավտոճանապարհի (Ենոքավան տանող) հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացրել է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։ Հանձնված է շահագործման: Այն համարվում է Մ-4-Ենոքավան-Կարմիրգյուղ-Հ-58 ճանապարհի սկզբնամաս, մնացած՝ 65.5 կմ հատվածի վերականգնման համար լիազոր մարմնի կողմից հաստատված ծրագիր չկա»։
Պետբյուջեից 642 միլիոն դրամ է ծախսվել՝ 6.3 կմ հատվածի հիմնանորոգման համար, անցել է 2 տարի, սակայն այդ ճանապարհի շարունակությունը կառուցված չէ։ Հավելեմ՝ Կարմիրգյուղ ամառանոցը Ջուջեւանից, միջպետական ավտոճանապարհից շուրջ 20 կմ հեռավորությամբ է, այդ ճանապարհն ասֆալտապատ չէ եւ հիմնանորոգման խիստ կարիք ունի։
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: