Արաղչին ընդհանուր բնույթի մանրամասներ է բացահայտել․ ԱՄՆ-ն պարտավորություն է ստանձնելու այլևս պատերազմ չսկսել, չդիմել սպառնալիքների և ուժի կիրառման․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Վերջին շրջանում ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքվելիք համաձայնագրի բովանդակության շուրջ կողմերի հակասական պատումների խորապատկերին Իրանի ԱԳ նախարար Արաղչին ընդհանուր բնույթի մանրամասներ է բացահայտել համաձայնագրի վերաբերյալ։

Ըստ այդմ՝ բանակցություններում նախատեսվել է երկու փուլ․ առաջինը՝ փոխըմբռնման հուշագրի ստորագրում, իսկ երկրորդը՝ վերջնական համաձայնագրի կնքում։

Միջուկային հիմնախնդրին վերաբերող հարցերը թողնվել են վերջնական համաձայնագրի փուլին։

ԱՄՆ-ն պարտավորություն է ստանձնելու այլևս պատերազմ չսկսել, չդիմել սպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին։

Համաձայնության հիման վրա պատերազմի ավարտը ենթադրում է Իսրայելի ամբողջական ելքը Հարավային Լիբանանում օկուպացված տարածքներից, և իրանական կողմն այս պահանջը հստակորեն փոխանցել է ամերիկացիներին։

Իրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու։ Առաջիկայում Իրանը և Օմանը համատեղ հայտարարություն կհրապարակեն Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ։

Բանակցությունների բոլոր փուլերի ավարտին համաձայնագիրը կստորագրվի և կհրապարակվի։ Սկզբնապես ստորագրումը կկատարվի հեռավար եղանակով։ Հնարավոր է, որ դա տեղի ունենա առաջիկա մի քանի օրերի ընթացքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment