Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը հետաքրքրվեց՝ նախընտրական շրջանում 4 դպրոցնի վերաբերյալ ահազանգ էր ստացվել վարչական ռեսուրսը քաղաքական նպատակով կիրառելու մասին, ի՞նչ է արվել այս ուղղությամբ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ զգուշացրեց՝ որևէ խախտում չի մնալու առանց հետևանքի, ապա մանրամասնեց. «Մենք ստացել ենք մի քանի ահազանգեր, դրանք վերաբերել են դպրոց, բուհ, քոլեջ մակարդակի: Ահազանգերն ուղարկվել են նաև իրավապահ մարմիններին, որպեսզի եթե կա որևէ որակման տեղ, ապա իրավապահ մարմիններն էլ իրենց գործն անեն:
Ինչ վերաբերում է մեզ, ապա բոլոր այն հաստատությունները, որոնք մեր տիրույթում են՝ նախարարության ենթակայությամբ, մեր կողմից կոնկրետ քայլերը ձեռնարկվել են, իսկ որոնք եղել են ոչ մեր ենթակայության հաստատություններ, դրանց մասով տվել ենք համապատասխան առաջարկություններ լիազոր մարմնին, թե ինչպես պետք է վարվել:
Ձեր նշած Արագածոտնի մարզի 4 դպրոցների մասով մենք ստացել ենք պարզաբանումներ: Մեր կարծիքով՝ այդ պարզաբանումները բավարար չեն, և այդ իսկ պատճառով մենք առաջարկել ենք այդ անձանց նկատմամբ կիրառել կարգապահական համապատասխան տույժ»,- ասաց նա: