Քաղաքացին կարո՞ղ է դիմել դատարան, եթե 2 ընտրատեղամասերում վերաքվեարկություն չլինի, և իր ձայնը զրոյանա

ԿԸՀ-ն, կարծում եմ, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից՝ անվավեր ճանաչելով երկու ընտրական տեղամասերում ընտրությունների արդյունքները, և ընդունել է ակնհայտ ապօրինի վարչական ակտ, քանի որ կառույցը չէր կարող, առանց վերաքվեարկության հարցին անդրադառնալու, որևէ տեղամասում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սոս Հակոբյանը՝ համոզմունք հայտնելով, որ վերաքվեարկություն կարող է նշանակվել միայն ընտրությունների արդյունքները վերջնական ամփոփելուց հետո, այսինքն՝ հունիսի 14-ից հետո։

 

«Ընտրությունների ժամանակ եռաստիճան համակարգով են բաշխվում ընտրական գործառույթները՝ տեղամասային ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով և Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունն է, այլ ոչ թե Կենտրոնականինը։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ԿԸՀ-ն իրավունք ունի վերանայելու և դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ դիմելու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ բացառությամբ այն հարցերի, որոնք վերաբերում են ընտրությունների արդյունքներին։ Այսինքն՝ ԿԸՀ-ն չէր կարող իր լիազորությունների շրջանակում այս կամ այն ընտրատեղամասի արդյունքներն անվավեր ճանաչել։ ԿԸՀ-ի լիազորությունների տիրույթը սկսվում և սահմանափակվում է վերաքվեարկություն անցկացնելու կամ չանցկացնելու որոշում ընդունելով, եթե այդկերպ հնարավոր լինի շտկել խախտումների հետևանքները։ Եթե հնարավոր չէ դա անել, ապա առհասարակ ամբողջ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն, և նոր ընտրություններ նշանակվեն»,- տեղեկացրեց փաստաբանը։

 

Ըստ նրա՝ քաղաքական ուժերը, հատկապես ԲՀԿ-ն, պետք է դիմեն վարչական դատարան՝ պնդելով, որ ԿԸՀ-ն ակնհայտ ապօրինի վարչական ակտ է կայացրել։

 

Սոս Հակոբյանից նաև հետաքրքրվեցինք՝ եթե որևէ ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել, և ԿԸՀ-ն ի վերջո որոշում է կայացնում, որ այդ ընտրատեղամասերում վերաքվեարկություն այլևս չի անցկացվելու, ու առանց այդ տեղամասերի ընտրողների ձայները հաշվի առնելու են որոշվելու ընդհանուր ընտրությունների արդյունքները, արդյո՞ք դա այդ ընտրողների իրավունքների կոպիտ խախտում չէ, որն իրենք կարող են բողոքարկել դատարանում։

 

Սոս Հակոբյանն ասաց, որ իրավաբանորեն դա հնարավոր չէ անել, քանի որ ընտրական համակարգի սկզբունքներից մեկը ընտրությունների գաղտնիությունն ապահովելն է․ չի արձանագրվում, թե որ քաղաքացին ում կամ որ քաղաքական ուժին է քվեարկել, իսկ ընտրության արդյունքների (անհատական) բացահայտումը ընտրական օրենսգրքի խախտում է։ Հետևաբար, ցանկացած ընտրող իր իրավունքի խախտումը դատարանով վիճարկելու համար պետք է կարողանա ապացուցել, թե ինքն ում է քվեարկել, ինչը հակասում է քվեարկության գաղտնիության դրույթին։

 

Նման դեպքերի համար ընտրական օրենսգիրքը նախատեսում է հատուկ սուբյեկտներ՝ այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են ընտրություններին։ Հենց նրանք էլ այդ իրավունքի պաշտպանության համար կարող են բողոքներ ու հայցեր ներկայացնել։ Այդպիսով նրանք անուղղակիորեն կկարողանան պաշտպանել նաև իրենց ընտրողների իրավունքները։

 

Թագուհի Ասլանյան

Leave a comment