«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կդիմի ԿԸՀ` ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու ու ՔՊ–ի ձայները վերանայելու համար։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանը։
«Մենք պետք է կտրենք ՔՊ–ի թևերը Հայաստանում։ ՔՊ–ն արդեն ամենաթույլ, մեծամասնությունը կորցրած քաղաքական ուժն է։ Անգամ այսքան ընտրախատումների հետ մեկտեղ` այն 3/5 չունեցող ուժ է ու չի կարող Ալիևի ցուցումով Սահմանադրություն փոխել»,– ասել է Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, որ եթե ԿԸՀ–ն արագ պատասխան չտա, կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա